ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին
Իրանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։«(ԱՄՆ-ի) համագործակցությունն Իրանի հետ անհնար է՝ հաշվի առնելով Ամերիկայի կողմից շարունակական աջակցությունն անիծյալ սիոնիստական վարչակարգին (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը), ինչպես նաև ամերիկյան ռազմակայանների առկայությունը և միջամտությունը տարածաշրջանային գործերին»,- նշել է նա ուսանողների հետ հանդիպմանը՝ նվիրված 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցին։
Խամենեիի խոսքով՝ միամտություն է կարծել, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բոլոր տարաձայնությունների պատճառը «մահ Ամերիկային» կարգախոսն է։
«Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հակասությունները խոր հակասություններ են և երկու հոսանքների շահերի բախում»,-հավելել է նա:
