Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև իր իրավասությանը հանձնված դրամական միջոցները պահպանելու գործառույթներ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 568.000 ՀՀ դրամի հափշտակություն։Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի հոկտեմբերին իր անձնական կարիքների համար փոստային բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425․589 ՀՀ դրամ կանխիկ գումար և 142․630 ՀՀ դրամին համարժեք կոմերցիոն ապրանքներ։
Փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը ձերբակալվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
