Մեկնարկում է Մեծ Պահքը, ինչ է խորհրդանշում այն, ինչից է պետք խուսափել
Մեծ Պահքն ապաշխարության ժամանակահատված է։ Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է Քրիստոսի 40 օրյա աղոթքն ու փորձությունն անապատում։
«Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3)»։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան (Կյանքը դրախտում), Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ (Հիսուսի մուտքը Երուսաղեմ):
Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:
Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:
Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:
