ՔՊ-ն լիդերային ուժ է և կուսակցության ղեկավարն է որոշում ում քանի ձայն տալ, ով որտեղ պետք է լինի ցուցակում
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Hayacq.com-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ նախընտրական ցուցակի ձևավորմանը նշեց.«ՔՊ-ն լիդերային ուժ է և այդ ընտրություններն ոչինչ չեն նշանակում: Այնտեղ կուսակցության ղեկավարն է որոշում՝ ում քանի ձայն տալ, ով, որտեղ պետք է լինի ցուցակում: Լիդերը որոշել է ում ինչքան ձայն տալ, ելնելով իր քմահաճույքներից։ Իսկ ՔՊ 38 պատվիրակների կողմից Փաշինյանի օգտին չքվեարկելն ընդամենը նրա համար է, որ հետո ասեն՝ ՔՊ-ում ժողովրդավարություն է։ Կարող է Երևանի ավագանու ղեկավարին, ով նաև քաղաքապետ է, դնել օրինակ 22-րդ տեղում, իսկ մեկ այլ պատգամավորի՝ 160-րդ տեղում՝ իմանալով, որ այդ պատգամավորը չի անցնելու խորհրդարան, այլ միայն գլխաքանակ է լրացնելու։ Կարող է ինչ-որ աղջկա դնել 25-րդ տեղում, որին խմբակցությունում չեն էլ ճանաչում։
Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու Փաշինյանը որոշեց, որ Ռուբեն Ռուբինյանը պետք է ավելի շատ ձայն ունենա, քան Ալեն Սիմոնյանը, արդյոք ընտրվելու դեպքում ԱԺ հաջորդ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի՞ն է տեսնում, թե ԱԺ նախագահը լրիվ ուրիշ մարդ է լինելու: Ազգային ժողովում կան կին պատգամավորներ, բայց պարզվեց ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նրանցից շատերից ավելի շատ ձայն է ստացել:
Դուք չեք տեսել իսկական ձևով փրայմերիզ, թեկնածուները գնան կուսակցական կառույցներ, ելույթներ ունենան, մեկը մյուսի նկատմամբ քննադատական ելույթներ ունենան, ինչպես անում են դեմոկրատներն ու հանրապետականները, երբ իրական փրայմերիզ է տեղի ունենում։ Այս դեպքում ինչ-որ փակ քվեարկություն է տեղի ունեցել․ ինչ-որ մարդիկ ձայներ են ստացել, ովքեր են դրանք, ում են ձայն տվել, ինչու են ձայն տվել, ինչ հիմունքներով՝ հայտնի չէ: Միայն Փաշինյանը գիտի՝ ինչու է այդպես որոշել։ Գուցե կարծում է, որ ոմանք իրեն ավելի նվիրված են, իսկ մյուսները՝ ոչ այնքան»,-ասաց Արմեն Բադալյանը։
