Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարություն է տարածել․«Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։
Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»։
