TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ. Հայաստանում Իրանի դեսպան
TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի Պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը: Այս մասին փոխանցում է Ազատությունը։Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, «Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին:
«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան», - պատասխանեց իրանցի դիվանագետը;
2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում. պաշտոնապես հայտարարում են, թե TRIPP-ի մասին հայկական կողմի հավաստիացումներին հավատում են, մյուս կողմից, սակայն մտավախություն հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս ծրագիրը հնարավոր է սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործի: Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին:
«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ՝ մենք մտահոգություններ ունեինք, որոնց մասին մեր հայ գործընկերների հետ խոսել ենք շատ ջերմ մթնոլորտում, նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա: Մենք փոխադարձ վստահություն ունենք»,-ասաց Շիրղոլամին:
