ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել մարտի վերջին նախատեսված այցը Չինաստան՝ Իրանի պատերազմի պատճառով, հայտնում է BBC-ն:«Մենք խնդրել ենք հետաձգել այն մոտ մեկ ամսով»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին՝ հավելելով, որ կարևոր է իր ներկայությունը պատերազմը վերահսկելու համար:
Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը ներկայումս նախատեսված է մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած նրանց վերջին դեմ առ դեմ բանակցություններից հետո:
Թրամփն ասել է, որ հետաձգումն առաջարկել է բացառապես այն պատճառով, որպեսզի համոզված լինի, որ ինքը տեղում է պատերազմը կառավարելու համար:
«Սրա տակ ոչ մի հնարք չկա: Ամեն ինչ շատ պարզ է. մեզ մոտ պատերազմ է ընթանում: Կարծում եմ՝ կարևոր է, որ ես այստեղ լինեմ: Ես անհամբեր սպասում եմ նրա հետ լինելուն: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասել է նա՝ նկատի ունենալով Չինաստանի նախագահին:
