Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում արշալույսները չեն խաղաղվում, տուժող կողմը դժգոհ է, մեղադրյալի ընտանիքի անդամների կյանքն էլ դժոխքի է վերածվել
Մերձավանում արշալույսները չեն խաղաղվում։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո դժբախտությունը շատերի դուռն է թակել՝ վերածելով համայնքում նրանց կյանքը դժոխքի, ընդ որում՝ ոչ այնքան կողմերի միջանձնային հարաբերությունների, որքան՝ պետության փաստացի անգործության, իրենց պոզիտիվ պարտականությունը չկատարելու հետևանքով։ Մի կողմից՝ տուժող կողմի կորստյան ցավը, որը որևէ կերպ չի սփոփվի, մյուս կողմից՝ առանց դատավճռի «սպանողի» խարան ստացած անձանց հարազատների իրավիճակը, ընդ որում, խարանն առաջին հերթին հենց պետության կողմից է տրվել` ի դեմս իրավապահների:«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի ազգականների անվտանգությունը ոստիկանությունը հսկում է, ինչպես նաև՝ հսկողություն է իրականացվում նրանց տան մոտակայքում՝ նկատի ունենալով, որ մեծ էր հավանականությունը՝ նոր հաշվեհարդարների։ Մենք տեղեկացանք, որ Նարեկ Օհանյանի ընտանիքը Մերձավանում չէ, իսկ Գևորգ Հարությունյանի ընտանիքի անդամները տևական ժամանակ ազգականների տանը բնակվելուց հետո ստիպված են եղել վերադառնալ Մերձավանի իրենց տունը՝ զրկված լինելով վարձով բնակվելու հնարավորությունից, քանի որ ընտանիքի միակ կերակրողը՝ մեղադրյալի մայրը, այս դեպքերից հետո գործազուրկ է դարձել։ Ճիշտ է, նրանք մտադրվել են հեռանալ Մերձավանից, ինչի համար նախ պետք է վաճառեն տունը, բայց առայժմ հարց-խնդրանք է բարձրացվել, որ պետությունը ժամանակավորապես նրանց այլ բնակավայրում բնակվելու տուն հատկացնի, որ ստիպված չլինեն վերադառնալ Մերձավան, քանի որ այդ գյուղում բնակվելու ցանկություն ամենևին չունեն, անգամ պատմում են, որ նույնիսկ արդարացման դատավճռից հետո չեն պատրաստվում բնակվել գյուղում, սակայն՝ ապարդյուն․ առ այս պահը այդ հարցը չի լուծվել։ Մեզ պատմեցին, որ գյուղ վերադառնալուց հետո նրանք տանից դուրս չեն գալիս, անգամ փորձել են հնարավորինս գաղտնի պահել, բայց ինչ-որ տեղից արտահոսք է եղել նրանց՝ գյուղում գտնվելու մասին, ինչից հետո նրանց կյանքը դժոխքի է վերածվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Մերձավանում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ նրանց գյուղից հեռացնելու պահանջով, սակայն մենք տեղեկացանք, որ դրանով չի սահմանափակվել։ Մեղադրյալի մայրը և դպրոցահասակ քույրը, ով այս դեպքից հետո այլևս դպրոց չի հաճախում՝ նաև անվտանգությունից ելնելով, պարբերաբար հաշվեհարդարի սպառնալիքներ են ստանում, ոստիկանությունում անգամ ահազանգեր են գրանցվել, որ գիշերային ժամերին քարերով հարվածներ են հասցնում պատուհաններին, կարմիր ներկ լցնում տան պատերի վրա, ինչով նաև էլ ավելի է բարդանում տան վաճառքի գործընթացը։ Ոստիկանության ծառայողները հսկողություն իրականացնում են տան հարակից տարածքում, սակայն դրանով հանդերձ սպառնալիքների ինտենսիվությունը չի նվազում։ Թե ինչու հնարավոր չէր ընտանիքին հատուկ պաշտպանության միջոցների շրջանակներում բնակության այլ վայր հատկացնել՝ պարզ չէ, սակայն պետության կողմից պաշտպանության ապահովման պոզիտիվ պարտականությունն առանձնապես պատշաճ չի էլ իրականացվում։ Սա կարող է հանգեցնել շատ վատ հետեւանքների: Լավ, դժվար է մի քանի ամսով մարդկանց գիշերելու տեղ հատկացնել, որ կարողանան տան վաճառքով զբաղվել, թե սպասում են հերթական ողբերգությանը:
Նշենք, որ թե՛ Նարեկ Օհանյանը, թե՛ Գևորգ Հարությունյանն այժմ հերքում են իրենց մասնակցությունը՝ ողբերգական դեպքին, Հարությունյանը, թեև նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունք է տվել, դատարանում հրաժարվել է դրանից՝ պնդելով, որ վախից ելնելով է սպանությունը խոստովանել։ Այդուհանդերձ, տուժող և պաշտպանության կողմերին միավորում է մեկ բան․ երկու կողմի համար էլ միանշանակ է՝ գործով պատշաճ քննություն չի իրականացվել, դեպքը բացահայտված չէ, փոխարենը խորացել է թշնամությունը:
