Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 հուն 2016 15:07

Եթե հիմա դժգոհում ենք անձրևային եղանակից, ապա շուտով կդժգոհենք շոգից. Տեսանյութ

Հունիսի 9-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն էր: Տիկին Պետրոսյանն անդրադարձավ, թե  ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրերին և ընդհանրապես ամռան ամիսներին: 
Նրա խոսքով՝ ամռան բոլոր ամիսների միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմային մոտ. «Ամռանը միջին ամսական ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում` տեղ-տեղ բացասական շեղումներով: Դժգոհում ենք, որ ամառը չի սկսվել, բայց հիշենք, որ մինչև հունիսի 6-ը միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր Արարատյան դաշտում և շրջաններում: Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում` մինչեւ 33 աստիճան»,-ասաց Զարուհի Պետրոսյանը: 
Ամենատաք ամիսներին` հուլիսին և օգոստոսին ջերմաստիճանը մոտ կլինի նորմային` դրական շեղումներով: Միջին ամսական ջերմաստիճանը կլինի 26-27 աստիճան, իսկ երբևէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը 42,2 է (Արարատյան դաշտում): «Բոլորս գիտենք, որ ամռան ամենաշոգ ամիսները հուլիսը և օգոստոսն են: Այնպես որ, չհուսահատվեք, տաք օրերն առջևում են: Եթե մենք հիմա դժգոհում ենք անձրևային եղանակից, ապա շուտով առիթ կունենանք դժգոհել շոգից»,- տեղեկացրեց տիկին Պետրոսյանը: 

Ներկայացնելով առաջիկա հինգ օրերի եղանակային կանխատեսումները՝ նշեց. «Այսօր, ամսի 10-11-ին շրջանների մեծ մասում տեղումները կպահպանվեն, հյուսիսային կեսում առանձին հատվածներում հնարավոր են առատ տեղումներ, իսկ ամսի 12-ին տեղումները կպահպանվեն Վայոց Ձորում և Սյունիքում: Արարատյան դաշտի հյուսիսում ամպամածության ավելացում է սպասվում, սակայն տեղումների հավանականությունը փոքր է: Արդեն 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի բարձրացում: Ամսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 33 աստիճանի: Այնպես որ, երկու օր էլ դիմանանք անձրևներին, հետո հնարավոր է` կարոտենք դրանց: Բայց դա չի նշանակում, որ հետագայում տեղումները բացառված են»: Հարցին թե արդյոք այս անձրևային եղանակը չի վնասի գյուղատնտեսությանը Զարուհի Պետրոսյանը նշեց. «հունիսին տեղումների քանակի ազդեցությունը բարերար է մշակաբույսերի աճի և զարգացման տեսանկյունից: Առանձին վայրերում տեղումները կարող են խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքներին` սրսկում, մշակում, պարարտացում»: 
Խոսելով կարկտահարությունների մասին՝ նշեց. «ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունն ամեն օր տեղեկացնում է հնարավոր կարկտահարության մասին: Վերջին կարկուտն այս իմաստով կանխատեսվել էր: «Առաջիկայում սպասվում է կարկտի մեծ ալիք» ձևակերպմամբ կանխատեսում չկա, սակայն այսօր և առաջիկա երկու օրերին տեղումները կպահպանվեն, երեկոյան ժամերին` ներզանգվածային երևույթների բնույթի, ուստի առանձին հատվածներում կարկուտ կանխատեսվում է: Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր է 12 սմ-ով. Ջրամբարների վիճակը նույնպես բարվոք է»,-հայտնեց Զարուհի Պետրոսյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր