Ռուս Ուղղափառ եկեղեցու դիրքորոշմամբ՝ երեխաներին պարբերաբար ծեծելը չի հակասում սուրբ գրությանը, ուստի չպետք է պատժվի խստորեն

Այս օրինագիծը մեծ քննարկումների թեմա է դարձել, ինչի արդյունքում
ավելի տեսանելի են դարձել խորքային խնդիրները ռուսաստանյան հասարակության ներսում։
Մյուս կողմից՝ օրինագծի ընդունումն ունի նաև ստվերային քաղաքական նշանակություն, քանի
որ հստակ արտահայտում է արևմտյան և ռուսական արժեհամակարգերի տարբերությունը, ինչը,
ի թիվս այլ բաների, ընկած է արևմուտք-ՌԴ առճակատման խորքում։
Այլ կերպ ասած, Մոկսվայում ուզում են ամեն կերպ արդարացնել պաշտոնական
քարոզչամեքենայի այն վարկածը, որ ռուսներն ու եվրոպացիները տարբեր արժեհամակագեր ունեն:
Օրինագիծը
Համաձայն Պետական դումայի ընդունած օրենքի՝ ընտանիքի անդամին
ծեծելու համար, եթե դա տեղի է ունենում առաջին անգամ, կիրառվելու է վարչական տուգանք կամ վարչական ձերբակալում մինչև 15 օրով
կամ 60-120 ժամ հարկադիր աշխատանքներ։ Նախկինում նման արարքի համար կիրառվում էր Քրեական
օրենսգրքով նախատեսված պատիժ, որը գործելու է նաև այժմ, եթե դեպքը կրկնվի։
Ըստ պաշտոնական
վիճակագրության, 2013 թվականին Ռուսաստանում ընտանիքի անդամների կողմից կիրառված
բռնություններից տուժել է 38 հազար 235 մարդ, որոնց 3/4՝ կանայք են։ Այս թիվը, սակայն,
ըստ ՌԴ-ում գործող իրավապաշտպան կազմակերպությունների, չի համապատասխանում արատավոր
երևույթի իրական ծավալներին, որոնք ավելի մեծ են։ Վերը նշված թիվը՝ 38235, միայն այն
դեպքերն են, երբ հարուցվել է քրեական գործ, իսկ թե քանի±սն են այն դեպքերը,
երբ դրա մասին հայտնի չի դարձել իրավապահներին, դժվար է նույնիսկ կռահել։
Տիրող անմխիթար վիճակի մասին է վկայում նաև Amnesty
International-ի 2003
թվականի զեկույցը, որի համաձայն՝ Ռուսաստանում տարեկան միջինը 14 հազար կին է սպանվում
ամուսինների կողմից, իսկ օրական միջինը 36 հազար կին ենթարկվում է ծեծի։
Ըստ այդմ, ստացվում է, որ Ռուսաստանում կոնկրետ 2013 թվականին
դատական համակարգը ծանրաբեռնված է եղել ավելի քան 38 հազար միայն նմանատիպ գործերով։
Քրեական օրենսգրքում վերը նշված փոփոխությունները մասնակիորեն պայմանավորված են նաև
այս հանգամանքով և հետապնդում են դատական համակարգը թեթևացնելու նպատակ։
Հարցը, սակայն, ունի այլ կողմեր ևս։ Ռուսաստանում վերջին շրջանում
գնալով աճում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ազդեցությունը, որը ևս մեծ ներդրում ունի ընտանեկան
բռնությունների ապաքրեականացնող օրինագծի առաջմղման գործում։ Եկեղեցու դիրքորոշմամբ՝
երեխաներին պարբերաբար ծեծելը չի հակասում սուրբ գրությանը, ուստի չպետք է պատժվի խստորեն։
Բացի սա, ապաքրեականացման օգտին հանդես եկող ուժերը Ռուսաստանում
շեշտ են դնում նրա վրա, թե ընտանիքը սրբություն է, ուստի պետությունը չպետք է միջամտի
նրա գործերին։ Այս կարծիքը, որը կրում են հիմնականում աջական և կենտրոնամետ ուժերը,
լայնորեն տարածված է Ռուսաստանում և կիրառվում է իշխանությունների կողմից՝ Արևմուտքին
և արևմտյան արժեքներին հակադրվելու համար։
Թիրախը
Անդրադառնալով օրինագծի ընդունման առավել խորքային կողմին՝ նկատենք,
որ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական հասարակություններում նախևառաջ կարևորվում
են անհատի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը։
Հենց այդ նպատակով է, որ քաղաքակիրթ երկրների մեծ մասում գործում
են օրենքներ, որոնք անհրաժեշտության դեպքում երաշխավորում են ընտանիքի անդամների անվտանգությունը։
Օրինակ՝ եթե ամուսինը ծեծում է կնոջը, պետությունը ստանձնում է կնոջ անվտանգության
ապահովումը՝ ամուսնուն պատասխանատվության ենթարկելուց մինչև կնոջն ապահով ապաստան տրամադրելը:
Այսպիսի օրենսդրություն կա նաև ԵԱՏՄ անդամ երկրների
մեծ մասում:
Առաջադեմ աշխարհի նման «կանոնները», սակայն, գրեթե մշտապես գտնվում
են ռուսական քարոզչության թիրախում։ Խառնելով ընտանեկան բռնության կանխարգելման եվրոպական
փորձը, օրինակ, միասեռականության, աղանդավորական շարժումների և «դավադրության տեսությունների»
հետ, ռուսական քարոզչությունը ընդհանուր բացասական ֆոն է ստեղծում ժողովրդավարացման
գործընթացների համար։ Այդկերպ Ռուսաստանում աղավաղվում է կոռուպցիայի դեմ և մարդու
իրավունքների ու ժողովրդավարական արժեքների համար իրական պայքարը՝ ներկայացնելով այն որպես «գրանտակերների դավաճանություն»,
«փտած արևմտյան», «5-րդ շարասյան դիվերսիա» կամ անգամ «ոչ գողական»։
ՌԴ ներկայիս իշխանությունները, ըստ այդմ, փորձելով կանգնեցնել
ժողովրդավարացման գործընթացները (այն ներկայացնելով որպես արևմտյան դիվերսիա) ավելի
են ամրացնում իրենց դիրքերը երկրի ներսում ։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ Քաղաքացիների միավորում»