Արցախի մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Հասրաթյան
Արցախի մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունն առ այն, թե իբր «երեկ հայկական զինված ուժերում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով շուրջ 15 զինծառայող է տուժվել», մեկ անգամ եւս փաստում է հարեւան կոչված երկրի տեղեկատվական համակարգի (եթե, իհարկե, դա կարելի է համակարգ անվանել, այլ ոչ թե ասեկոսեների վրա հիմնված հորինվածքների շտեմարան) չկայացվածության եւ անսովոր պարզունակության մասին:
Գործընկերային հորդոր բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հետեւել այդ պարզամիտ ագիտատորների գրառումներին՝ ուշադրություն մի դարձրեք դատարկաբանություններին: Հասկանանք, որ դրանք հերքելու դեպքում անգամ, անգիտակցաբար ծառայում ենք այն նպատակին, ինչ նպատակ հետապնդում է մեր հակառակորդի քարոզչամեքենան, այն է՝ որքան հնարավոր է շատ տարածել ստահոդ լուրեր հայ հասարակության մեջ եւ մեզանում ձեւավորել կասկածանքների եւ, ըստ այդմ՝ նաեւ հուսահատության մթնոլորտ : Համոզված եղեք, որ մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին եւ, հարկ եղած դեպքում, օպերատիվ ու օբյեկտիվ իրազեկում կատարվածի մասին»,- նշել է նա: