ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 օգոս 2017 16:07

Երբ ավարտվի այս երեք նախագահների դարաշրջանը, մենք կունենանք առաջընթաց. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, 1991թ-ին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Արամ Գ Սարգսյանը և ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Անկախության բանակի մարտիկ Ազատ Արշակյանը խոսեցին Անկախության հռչակագրի ընդունման և անկախության արժեքի գիտակցման շուրջ:
Ազատ Արշակյանը նշեց` եթե շարունակվեր Խորհրդային միությունը, ապա կունենայինք այն, ինչ հիմա կա ԵՏՄ տարածքում, սակայն արդարացի հիմունքների վրա. «Ես կողմնակից եմ պերեստրոյկային։ Այն բարեփոխումների ազատությունների, հավասարության սկզբունքներն էր կրում, հիմա հայհոյում են այն` առանց հասկանալու։ Դա կարող էր մեծ առաջընթաց ապահովել։ Հռչակագիրը ամփոփեց պերեստրոյկայի հնարավորությունները, դրա շնորհիվ հայ ժողովուրդը ունեցավ ատեստատ: Լիարժեք անկախություն ունենալու համար պետք է երկրից դուրս բերել օկուպացիոն կառույցներին` ՀԱՊԿ, ԵՏՄ, սահմանապահ զորքերին, Պասկևիչյանի արձանը հանել: ՀՀ-ն ազատել, բոլորին պետք է դուրս շպրտել, դրա համար նպաստավոր պայմանները մոտենում են: Խորհրդային կաղ, հիվանդ պետությունից անցել ենք նորմալ պետության»: 
 
Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Խորհրդային միության փլուզումից հետո նրանք, որոնք եկան ՀՀ իշխանության, հռչակագրի կրողները չէին. «Երբ ավարտվի այս երեք նախագահների դարաշրջանը, մենք կունենանք առաջընթաց։ Ի սկզբանե նրանք անկախ չեն եղել, այլ կախվածության տակ են եղել դրսի կառույցներից` ԱՀԿ, ՀԲ և այլն։ Ոչ ՌԴ-ն է մեղավոր, ոչ Արեւմուտքը՝ եթե դուք ձեր վրա ունեք բազմաթիվ դոսիեներ, ապա ով ինչպես ուզենա, օգտագործելու է ձեզ։ Այսօր 6 մլրդ դոլար պետական պարտք ունենք, հարգելի իշխանություններ, ցույց տվեք 10 դոլար, որ տնտեսության զարգացման համար եք ներդրել։ Պետությունը ձեռքերը լվացել է, հույսը դրել է մասնավորի վրա, կամ լյուբիմչիկների վրա է հույսը դրել, որ նրանք հարստանան, իսկ հասարակ մարդը 79 հազարով հազիվ գոյատևի»:
 
Խոսելով Անկախության հռչակագրի օրը պատշաճ չնշելու մասին Ազատ Արշակյանը ասաց. «Այսօր մեր երկրի թիվ մեկ քաղաքացին, ով այսօր պետք է զորահանդես անցկացներ երկրում չէ: Քաղաքում պետք է չպայթող փուչիկներ լինեին, երեխաները պետք է հանգստանային, այսօր պետք է տոն լիներ, մենք տոնական միջոցառումների պետք է մասնակցեինք: Ո՞նց կարելի է տոներին բացակայել, ես հասկանում եմ, որ աղետների ժամանակ ՀՀ նախագահը միշտ բացակայում է, բայց այսօր տոն է, նա պետք է չբացակայեր»: 
 
Թե ի՞նչ պետք է անել իրական անկախություն ունենալու համար,  Արամ Սարգսյանը նկատեց. «Գործող համակարգից պետք է հրաժարվել: Այն համակարգից այսօրվա, երեկվա իշխանությունների, ինչ իրենք ստեղծել են: Մականունավորներն են այսօր ձեր ճակատագիրը տնօրինում: Հռչակագրի սկզբունքները չիրականացվեցին: Մենք ընդամենը թվացյալ կարող ենք համարվել անկախ: Այսօրվա իշխանությունները և երեկվա իշխանությունները անկախ չեն, նրանք ընկան ճնշման տակ, որովհետև ենթարկվեցին դրսի կամքին՝ դա Համաշխարհային բանկն էր, ԱՄՀ-ն էր, մյուս գերտերություններն էին, անկախությունից բան չմնաց»: 
 
Անդրադառնալով ԳԿՉՊ-ին, որը հայտնի է, որպես 1991 թ. օգոստոսի 19-ին տեղի ունեցած նախկին ԽՍՀՄ պատմության մեջ բացառիկ մի իրադարձություն՝ պետական հեղաշրջման փորձ Արամ Սարգսյանը մի պատմական դրվագ ներկայացրեց. «1991-թ. օգոստոսին, երբ Կրյուչկովը փորձում էր նաև մեզ վերբովկա անել՝ չհաջողվեց, նրանք արեցին ուրիշ բան: Կարող եմ միայն մի բան ասել՝ ամսի 19-ին սկսվեց, 21-ին ավարտվեց, ՀԿԿ-ն որևէ հայտարարություն չարեց՝ պաշտպանելու ԳԿՉՊ-ին: Այդ օրվա իշխանությունները, գիտեք գլխավորն ով էր, ձեն ու ծպտուն չհանեցին՝ դեմ կանգնելու այդ գործողություններին: Սպասեցին: Ոնց որ ինքն ասեց մեզ՝ «պտի ամեն ինչ անենք, որ պլստանք էս վիճակից: Երեք օր հետո ԳԿՉՊ-ն տապալվեց, առաջին զանգն ինձ եկավ՝ էն կարմիր պապկաները հավաքեք, հիմա դատախազությունից կգան, որ տանեն: Ասեցի՝ ինչի՞ կարմիր պապկաները, տանում եք, ամբողջը տարեք: Որն էին այդ կարմիր պապկաները՝ խիստ գաղտնի այն տվյալներն էին, որոնք կուտակվում էին այն ժամանակվա ԿԳԲ-ի հատկապես նրանց կողմից ներկայացված փաստաթղթերից: Այնպես որ, ցավում եմ, որ ժողովուրդը շատ բան չիմանալով հավատաց այդ մարդկանց, կարծեց, թե եկել են նրանք, ովքեր ուզում են մեր երկիրը դարձնել դրախտ: Քանի դեռ այս երեք նախագահների դարաշրջանը չի ավարտվել, Հայաստանը այս իրավիճակից դուրս չի գա: Երեք նախագահներին էլ ասել եմ, երկրորդից էլ հրաժարական եմ տվել, նրա հետ չեմ աշխատել»,- ասաց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութերում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր