Ներկայիս կառավարությունը ճիշտ չի բաշխում եկամուտները. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը անդրադարձավ երկրում տիրող սոցիալ տնտեսական վիճակին և ՀՀ-ում հանրային արդյունքի բաշխման հիմնախնդիրներին:
Վահագն Խաչատրյանի կարծիքով 2009 թվականից հետո մեր կառավարության պատասխանատուները որևէ կերպ չեն կարողացել լուծել աղքատության, գործազրկության ու արտագաղթի դեմ պայքարի հարցը և նոր կառավարությունն էլ այդ առումով բացառություն չէ «Կառավարության գործունեության ամենամեծ գնահատականը մարդկանց հավատն ու վստահությունն է, որը սակայն,
հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ըստ սոցհարցումների, անկում է ապրել: Ամենավատն այն է, որ հավատն է կորում: Սեպտեմբերին մարդկանց վարքագծում փոփոխություն եղավ դեպի կառավարություն, սկսեցին պայծառ աչքերով նայել, սկսեցին ժպտալ, բայց մեկ էլ` առաջին հարված` ՀՀԿ կուսակցություն, երկրորդ հարված` ընտրությունների կեղծիք, երրորդ` ներդրումների հետ կապված տխուր պատմություն, որ չեղած ներդրումներն ուզեցին ներդրում դարձնել, հինգերորդ հարված` աշխատավարձ, թոշակ չի բարձրանում, կրճատումներ են լինելու եւ այլն: Եվ այդ ամենը հիմնավորված չէ»,-ասաց Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանը նաև գտնում է, որ ներկայիս կառավարությունը ճիշտ չի բաշխում եկամուտները: «Մեր եկամուտների ձեւավորման 38 տոկոսն աշխատավարձից է, 60 տոկոսից մի քիչ ավելին շահույթից կամ համախառն եկամուտից է, այսինքն` կապիտալի օգտագործումից է: Կայուն զարգացած երկրներում հակառակ հարաբերությունն է` 70-75 տոկոսն աշխատավարձից է, մյուսը` կապիտալից ստացված շահույթից»:
Նա, վկայակոչելով Համաշխարհային բանկի մասնագետների մտահոգությունները, համաձայն որի Հայաստանի տնտեսական զարգացման մոդելն ամբողջովին իրեն սպառել է, նշեց, որ այսօր մեր երկրի տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկը ֆինանսների բացակայությունն է. «Վարկային ռեսուրսների հասանելիության խնդիր կա: Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ֆինանսական միջոցները հասանելի չեն Եվ պարզվում է, որ մեր վարկերի 70 տոկոսից օգտվում են խոշորները: Նույնիսկ այսօրվա պայմաններում, այն ինչ ներկայացնում է կառավարությունը, որ վարկերը մատչելի, հասանելի են դարձել, այդպես չէ, փոքր բիզնեսն ի վիճակի չէ դրանից օգտվել: Երկրի տնտեսական քաղաքականությունը չի բերել երկրի փոքր ու միջին բիզնեսի կայացմանը»,-ասաց նա:
Ըստ
Վահագն Խաչատրյանի, բյուջեյում որոշ ծախսեր, մասնավորապես` կրթության ծախսերը կրճատելն ամենամեծ սխալն էր. «Եթե պահպանության ծախսերը, սոցիալական ծախսերը, ինչ որ առումով արդյունավետ, տնտեսության զարգացմանը նպաստող ծախսեր չեն, ապա կրթությունն այդպես չէ, առողջապահությունն այդպես չէ, բոլորը գիտեն, որ կան մեթոդոլոգիաներ, որոնք հաշվարկում են թե կրթության ծախսերի ազդեցությունը տնտեսության, առողջապահության վրա ինչպես է անդրադառնում, քանի տոկոս են նրանք ՀՆԱ-ի վրա ազդում»: