Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

14 նոյ 2017 11:15

«Առեւտրականների նկատմամբ տեռոր է». «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները վիճեցին Շարմազանովի հետ.Տեսանյութ

 

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, բարձրացրել են փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների նկատմամբ ՊԵԿ մարմինների կողմից ստուգումների հարցը:

Պատգամավորներից Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենց են դիմել մի քանի հազար առեւտրականներ՝ հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ստուգումներ են իրականացնում եւ թույլ չեն տալիս հանգիստ աշխատել:


«Այն, ինչ կատարվում է մանր եւ միջին առեւտրով զբաղվող վաճառականների նկատմամբ բացահայտ տեռոր է, որ մարդիկ մեկ կտոր հացից կտրվեն: Այն, ինչ անում են պատկան մարմինները, անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է բացել մարդկանց պայուսակները, ստուգել, նման իրավասություն ոչ ոք չունի: Ուզում եք բյուջե լցնել, տեղը ցույց ենք տալիս՝ բենզինի մոնոպոլիա, գազի մոնոպոլիա, գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ իր գործը տապալել է, պետք է իմանա՝ որտեղ պետք է գնա, գնացեք գազի վրա կառուցված դղյակները Մոնումենտի եւ տեսեք չարաշահումներ, օրինախախտումներ, ոչ թե փոքր ձեռներեցների պայուսակները մտեք: Սա կոպտագույն խախտում է»,- իր հերթին նշեց խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը:


ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հորդորեց խոսել քննարկվող թեմաներից՝ նշելով, որ կարող են հայտարարությունների ժամին այդ մասին խոսել: Գեւորգ Պետրոսյանը նույնպես փորձեց խոսել առեւտրականների խնդրի մասին, սակայն Շարմազանովը կրկին թույլ չտվեց, ինչից հետո վիճաբանություն սկսվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների եւ Շարմազանովի միջեւ:

«Օրակարգը ձեւավորվում է երկրի քաղաքացիների կողմից, ցիտում եմ գործող վարչապետին. «Բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, բա որտեղի՞ց ձեր մեջ այդքան պալիտ բյուրո»: Խնդրում եմ մտցնել առեւտրականների մասին այս հարցն օրակարգում, որ մենք կարողանանք շրջել ՊԵԿ նախագահի հետ այն վայրերով, որտեղ ՊԵԿ աշխատակիցները շրջանցում են օրենքը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանը:


Շարմազանովը կրկին հորդորեց խոսել Կանոնակարգ-օրենքի շրջանակում: Արարատ Զոհրաբյանն առաջարկեց Խորհրդին արտակարգ նիստ հրավիրել եւ այս հարցը ներառել օրակարգում:


«50 հազար ստարոգրությունը բերեք, նիստն անենք, մեռնեմ օրենքին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք նույնպես ստացել են դիմում առեւտրականներից եւ դրանով լրջորեն զբաղվելու են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր