20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

15 նոյ 2017 21:10

Դարերով մենք ապրել ենք չգրված օրենքներով, կարելի էր հայկական ընտանիքի ավանդույթները վերցնել և տարածել այլ երկրների համար. Ռաֆիկ Գրիգորյան

Դարերով մենք ապրել ենք չգրված օրենքներով, կարելի էր հայկական ընտանիքի ավանդույթները վերցնել և տարածել այլ երկրների համար. Ռաֆիկ ԳրիգորյանՄեծ աղմուկ հանած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, և արդյոք հիմա կա այդ օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
-Ես, որպես ՀՀ քաղաքացի դեմ եմ նման օրենքի ընդունմանը, իհարկե սա իմ անձնական տեսակետն է: Օրենքի նախագծի նախնական տարբերակում կան դրույթներ, որոնք ընդհանրապես չպետք է լինեն և դրանց վրա, աշխատանքային խումբը, պետք է լուրջ աշխատանք կատարի:  Չգիտեմ ինչ տեսքով այս նախագիծը կգա խորհրդարան, բայց այսօր մեր ազգի համար նման օրենքի անհրաժեշտություն չկա:  Դարերով մենք ապրել ենք չգրված օրենքներով և կարող եմ ասել, որ այսօր կարելի էր Հայաստանի ընտանիքների ավանդույթները վերցնել և տարածել այլ երկրների համար:
-Այս օրենքի նախագիծը բուռն քննադատության ենթարկվեց և որակվեց որպես բռնություն ընտանիքի նկատմամբ: 
-Այս  օրենքի ընդունման անհրաժեշտություն անձամբ ինքս չեմ տեսնում: Նույնիսկ վերնագիրն ինձ համար անընդունելի է: Իսկ, եթե, օրենքի ընդունման կարիք այնուամենայնիվ կա, ապա, այն լուրջ մշակման  անհրաժեշտություն ունի: Եթե այդ տեսքով օրենքի նախագիծը մտներ խորհրդարան ես ինքս դեմ կքվեարկեի: Նախագիծը լրամշակման փուլում է, աշխատանքային լուրջ խումբ է ստեղծված, կարծում եմ նրանք լուրջ աշխատանք կկատարեն՝ դետալ առ դետալ կուսումնասիրեն: Ամեն դեպքում, ցավում եմ, որ  օրենքն որքան էլ հղկվի, ինչքանել կարողանան դրույթները հանել, բայց շատ դեպքերում հնարավոր է օրենքը օգտագործեն մեր ընտանիքների դեմ, շահարկելով օրենքի դրույթները: 
-Ընտանիքը փակ է և այնտեղ մտնելու համար օրենքով առանձնահատուկ կարգ պետք է սահմանվի: Իրավապահ մարմնի աշխատակիցը, ոստիկանը իր լիազորություններն իրականացնելիս արդյո՞ք չի չարաշահի այն:
-Թե ով կլինի օրենքի կիրարողը  դեռ պարզ չէ, այն նույնպես պետք է հստակեցվի: Դեռ շատ հարցերի պատասխաններ պետք է տրվեն:
-Արդյո՞ք հասարակության իրավագիտակցության մակարդակը այնքան բարձր է, որ օրենքը ճիշտ գործի:
-Հասարակության իրավագիտակցության մակարդակը ես շատ բարձր եմ գնահատում, բայց նորից եմ կրկնում հայկական ընտանիքներում նման օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա: Ներկայացվում է, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսքան տոկոս բռնություններ կան, բայց համեմատական չենք անցկացնում, որ երկրների, որ ազգերի, որ ընտանիքների հանդեպ:  Չորս տեսակ բռնություններ են առանձնացված՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական: Կարծում եմ, նաև այս սահմանումներն էլ պետք է հստակեցվեն: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր