Լավրովի այցը Ռուսաստանի համար անհրաժեշտ այց էր. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսեց Արցախյան հիմնահարցի, տարածաշրջանային վերջին զարգացումների մասին:
«Ցավոք սրտի, որևէ դրական ակնկալիք չկա Արցախի հիմնահախնդրի լուծման հետ կապված, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ոչ կառուցողական
դիրքորոշումը: Իսկ Լավրովի այցը Ռուսաստանի համար անհրաժեշտ այց էր, հատկապես՝ սա հնարավորություն է տալիս քննարկելու Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, իսկ Հայաստանում էլ քննարկելու մի շարք հարակից հարցեր, բայց անգամ Լավրովն ինքը նշեց, որ առանձնապես մեծ հույսեր չկան: Ադրբեջանը որևէ քայլ չի անում իր իսկ ստանձնած պարտավորությունները
կատարելու, չնայաց նրան, որ ՀՀ իշխանությունները բազմաթիվ անգամներ հայտնել են զիջումների
պատրաստակամության մասին, որոնց ես անձնապես դեմ եմ, քանի որ չեմ կարծում, որ դրանք
կհանգեցնեն խաղաղության հաստատմանը»,- նշեց Արա Պապյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը Արա Պապյանը նկատեց, որ այս երեք երկրները սկսել են ավելի սերտ հմագործակցել. «Կարծում եմ սա պայմանավորված է առավելապես արևմուտքի հետ երեքի ունեցած որոշակի լարվածությամբ: Սա Ռուսաստանի համար նոր հնարավորություն է, քանի որ նա ստանձնում է տարածաշրջանային դերակատարություն: Հիմնականում բանակցություններն ընթանում են Սիրիայի հարցի շուրջ և եթե Ասադը շարուակի մնա իշխանության, կարծում եմ Ռուսաստանի համար հաջողություն կլինի: Այնուամենայնիվ տարածաշրջանը մնում է հեղհեղուկ, անկայուն վիճակում՝ ճիշտ է քրդական հարցը մի փոքր հետ մղվեց, բայց դա միշտ էլ կարող է բորբոքվել և կփոխի տարածաշրջանային հարաբերությունները»
Խոսելով հարևան երկրների կողմից Հայաստանը մեկուսացնելու նպատակով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ վերջերս գործարկված Բաքու Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին, բանախոսը նկատեց.
«Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը շարունակվում է և շարունակվելու է: Իսկ մենք հայթայթված գումարները պետք է ուղղենք կայուն վստահելի, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմոբիլային ճանապարհ կառուցելուն, այսինքն՝ երկաթգծին պիտի հակադրենք լավ ավտոմոբիլային ճանապարհը»:
Խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման և ուսանողության շրջանում բուռն արձագանքի մասին Արա Պապյանը ասաց. «Կարծում եմ, որ մեր բանակի հզորացման ուղին պետք է խարըսխված լինի ոչ թե մարդաքանակի վրա, այլ նորագույն զինատեսակների: Ինչ վերաբերվում է բանակից ազատվելուն, դրանց զգալի մասը առողջապահական խնդիրներով են լինում»