Երկարատեւ միայնությունը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան կանանց համար          Երեկոյան ձյուն կգա, կցրտի       Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից    

15 մար 2021 19:04

Ըստ երևույթին Ադրբեջանի վրա կլինեն ճնշումներ ԵԱՀԿ ՄԽ բանակցությունները վերականգնելու ուղղությամբ

Hayacq.com-ի հարցազրույց քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոման Մելիքյանի հետ:
 
-Ինչպե՞ս կգնահատեք 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը:

-Այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան գոյամարտի պարտությունից, հատկապես՝ Շուշիի անկումից և հայտնի հայտարարության հրապարակումից հետո ամենացավալի և ամենախայտառակ էջերից են հայոց պատմության մեջ՝ երևի թե վերջին 100-տարվա շրջանում։ Գաղտնիք չէ, որ այդ իրադարձությունից հետո թե՛ Հայաստանում, թե՛ Արցախի մնացած հատվածում և թե՛ Սփյուռքում ստեղծվել և շարունակում է տիրել խորը դեպրեսիա և ապատիկ իրավիճակ։ Բայց մի կողմ դնենք բարոյահոգեբանական կողմը և փորձենք հասկանալ այդ պարտության պատճառները, օրինաչափություններն ու ճգնաժամը։

Արձանագրենք մի քանի իրողություն․
Ներկայիս իշխանությունը պարտության հիմնական մեղքը բարդում է նախկին իշխանությունների վրա և կապում այն «կոռուպցիայի», «թալանի» կամ «կաշառակերության» հետ, որը ըստ իրենց գնահատականի՝ «տիրում էր մեծապես բանակում»։ Բայց այդ իշխանությունը որևէ կերպ չի ընդունում իր մեղավորությունը և պատճաշ գնահատում ստանձնած պարտականությունների և պարտավորությունների կարևորությունը։ Չէ, որ աքսիոմետրիկ իրողություն է, որ եթե չի գործում դիվանագիտությունը, սկսում է գործել հրետանին։ Հայտնի գերմանացի ռազմագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի խոսքերը բարդ չէր հասկանալ, և եթե ենթադրենք մեր բանակը, դատելով ներկայիս իշխանությունների պատճառաբանություններից, որ թալանված է եղել, զարգացած չէր,  անկարող էր դիմակայել թշնամու ագրեսիան, ապա ինչո՞ւ էին ամեն ինչ անում, հատկապես՝ անկառուցողական հայտարարություններ կատարում և զրոյացնում ինստիտուցիոնալ ընթացակարգերը, որոնք հաջորդականորեն հանգեցնում էին բանակցությունների վիժեցմանը։
Այն, որ երեք տարի շարունակ, բանակում բարեփոխումները չէին իրականացվում այն տրամաբանությամբ, որը պահանջվում էր՝ հիմնվելով 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված հրամայականի վրա, փաստ է։ Եվ պարտադիր չի լինել ռազմագետ կամ ռազմական գործի հմուտ մասնագետ հասկանալու այն, որ 2020 թվականին թշնամին պատերազմի ժամանակ պետք է պատրաստված լիներ և առաջնահերթ կերպով կիրառեր անօդաչու սարքեր, որին մենք պետք է ամենայն մանրամասն պատրաստվեինք և խնայողություններ կատարեինք՝ զարգացնելով բանակը և մեծ քանակությամբ ավելացնելով գերժամանակակից արդյունավետ սպառազինությունը և հատկապես ՀՕՊ-ն ու անօդաչու սարքերը։
Ակնհայտ է, որ կարճ ժամանակահատվածում մենք չէինք կարող հասցնել ստեղծել մերը, այլ պետք է շուտափույթ կերպով գնեինք և զուգահեռաբար միայն արտադրեինք հայրենականը։ Ժամանակը ցույց տվեց, որ բանակում այդ ընթացքում արվել են աննպաստ և անշահավետ քայլեր, օրինակ գնումներ, մասնավորապես՝ «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերում, «Տոր» համակարգերի կամ միգուցե ավելի լավ զինատեսակների փոխարեն,  ինչը նախաքննությունը պետք է բացահայտի։   

Հանրության մեջ այսօր շրջում է հավանականության սցենար, որ այս պատերազմը նախապես կանխորոշված էր, ավելին՝ վաճառված։ Այն իհարկե նախաքննության լուրջ առարկա է, որը հստակ կպատասխանի այդ հարցերին, բայց փորձենք վերլուծել որոշ հանգամանքներ։
Դեռևս 70-ական թվականներից բավական արդիական դարձավ ամերիկյան հեղինակ Ջին Շարպի հետազոտությունները՝ այսպես կոչված գունային հեղափոխությունների արդյունքում երկրներում իրականացնել իրական հեղափոխություն կամ իշխանափոխություն: Ասինքն բերել իշխանության այնպիսի մարդկանց, որոնց կարելի է անմիջականորեն կառավարել, եթե անհրաժեշտ է վերջիններիս միջոցով փոխել այդ երկրում ազգային արժեքները, հասարակությունում բախումներ հրահրել, փոխել այդ երկրներում արտաքին առաջնահերթությունները, այսինքն՝ կառավարել այնպես, ինչպես որ կամենում ես և նպատակադրված ես։

Պատմական իրականությունը ցույց տվեց, որ արդյունքում ամերիկյան էմպիրիկ քաղաքագիտությանը պատկանող Շարպի մոդելը բավական արդյունավետ աշխատեց։ Շատերն անգամ Խորհրդային միության փլուզումը սկսեցին կապել ոչ այդքան հայտնի Մարշալի գաղափարական ծրագրի (որը միտված էր հատկապես խորհրդային կարգերի դեմ), որքան Ջին Շարպի փափուկ ուժի հայտնի տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հետ։ Հատկապես 2000-ականների վերջում գունավոր հեղափոխությունները դարձան առավել արդիական և շահավետ, հատկապես այն երկրների համար, որտեղ նպատակ ունեին առանց պատերազմների և մեծ կորուստների, օգտապաշտական և առավելապաշտական նկատառումներից ելնելով՝ մեծ արդյունքների հասնել։

2003 թվականին Ադրբեջանում գալով իշխանության, Իլհամ Ալիևը լինելով միջազգայնագետ և բավական լավ տիրապետելով միջազգային գործընթացներին և քաջատեղյակ լինելով վերոնշյալ գունային հեղափոխության տեխնոլոգիաներին, ըստ էության, թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Թ․ Էրդոգանի հետ դիտարկեցին նաև Հայաստանում հնարավոր գունավոր հեղափոխության սցենարը և մշակեցին նման ճանապարհով Արցախի և հայկական հարցի լուծման յուրօրինակ տարբերակը։
2007 թվականին Շվեցարական Դավոս քաղաքում Դավոսի Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ Ալիևի և գունավոր հեղափոխությունների իրականացման հիմնական կազմակերպիչներից՝ Ջ․ Սորոսի հիմնադրամի նախագահ միլիարդատեր Ջորջ Սորոսի հանդիպումը, որը հավանաբար դարձավ Հայաստանում հայտնի գործընթացների իրականացման շուրջ Սորոս-Ալիև տանդեմի մեկնարկը։ Հետագայում համագործակցությունը խորացավ։ Միայն բավական է ցիտել այն, որ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին բրիտանական հայտնի «Գարդիան» պարբերականը հրապարակեց հոդված, ըստ որի՝ Ադրբեջանից 2012-2014 թվականներին Սորոսի հայտնի հիմնադրամի աղբյուրներին տարբեր հաշվեհամարներից կատարվել է առնվազն 16 հազ․ փոխանցում՝ ընդհանուր շուրջ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար, որը, իհարկե, շատ արագ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքեց։ Այսինքն, ստացվում էր այնպես, որ Ալիևը ներկայացնում էր արտաքին աշխարհին իր բացասական վերաբերմունքը Սորոսին, իսկ իրականում խորքային համագործակցություն իրականացնում Հայաստանում կոնկրետ գործընթացներ իրականացնելու, մասնավորապես՝ գործակալական ցանցեր ներդնելու ուղղությամբ։  Իսկ այդ ընթացքում, Սորոսի առանձին կազմակերպությունները, որոնց թիվը տարբեր գնահատականների համաձայն, անցնում է հարյուրը, իրականացնում էին Հայաստանում իշխանափոխության և հետիշխանափոխության կազմակերպչական աշխատանքներ։ Իսկ թե որքանո՞վ էր կանխորոշված Արցախյան երկրորդ պատերազմը՝ դրդապատճառները, ծագումը, ընթացքը ու հետևանքները, բազմակողմանի վերլուծության արդյունք է և ոչ միայն վերը նշված հնարավոր սցենարի դիտարկման առարկա։

Մյուս կողմից, պետք է նաև ընդունենք, որ Արցախի հիմնահարցի պրոադրբեջանական հանգուցալուծումը մեծապես ելնում է նաև Մեծ Բրիտանիայի ներկայիս շահերից։ Գաղտնիք չէ, որ «Բրիթիշ փեթրոլյում» ընկերությունը, որը երկար ժամանակ պատկանում էր բրիտանական կառավարությանը, իսկ ներկայումս համարվում է այդ երկրում խոշոր հարկատուներից և միաժամանակ Ադրբեջանական «Սոքար» ընկերության համասեփականատերերից մեկը։ Իսկ Բեծ Բրիտանիան Ադրբեջանում, բացի արդեն իսկ ունեցած տնտեսական մեծ շահերից, այսօր ևեթ նոր հանքավայրերի հայտնաբերման և դրանց հետագայում շահագործման մեծ հեռանկարներ է տեսնում։ Ավելին, Մեծ Բրիտանիան այսօր զարգացման լայն և սերտ փոխհարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ։ Մեծ Բրիտանիայի հարյուրամյակների դիվանագիտության տրամաբանությունից է ելնում երրորդ երկրների ձեռքով իրենց արտաքին քաղաքականության վարումն ու զարգացումը։ Ներկայիս պայմաններում այդ երրորդ ուժը Թուրքիան է։ Ըստ էության, դարեր շարունակ տարածաշրջանում գերակշռող էին գերակա երկու ուժային կենտրոններ՝ Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։ Իսկ ներկայիս Ռուսաստանի հնարավոր թուլացման համար վերջիններս օգտագործում են հենց Թուրքիային, որը և՛ խոշոր խաղացող է և՛ բավական շահեկան գործընկեր։ Հենց այս տրամաբանությունից ելնելով Մեծ Բրիտանիան բացեբաց աջակցում է Ադրբեջանին։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ՄԱԿ ԱԽ ներկայացված Արցախյան պատերազմում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտնի բանաձևի ընդունումը տապալելու գործում հենց Բրիտանիան է եղել։

Դեռևս 2014-2018 թվականներին Թուրքիայում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մուրը խորը բարեկամական և ընկերական հարաբերություններ էր հաստատել Թուրքիայի նախագահ Էրդոգանի հետ։ Իսկ Մուրը համարվում է նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին հարաբերությունների հետախուզական գաղտնի ծառայության (MI-6) գործակալ, ով արդեն իսկ 2020 թվականի օգոստոսից ստանձնեց այդ կառույցի ղեկավարի պաշտոնը։ Հատկանշական է, որ իր ղեկավարման տարիներին է հենց տեղի ունեցել ինչպես Ապրիլյան պատերազմը, այնպես էլ Արցախյան երկրորդ պատերազմը, իսկ երկրորդի դեպքում՝ հատկապես այն ժամանակ, երբ նա ստանձնեց MI-6 կառույցը և մեկ ամիս անց սկսվեց պատերազմը։
 
-Բանակցությունների արդյունքում հնարավո՞ր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրի դրույթներն ավելի հայանպաստ դարձնել:
 
-Պարզ է, որ ստեղծված իրավիճակում որպես պարտված կողմ խիստ սահմանափակվել են նաև հայկական կողմի համար շահարկման անհրաժեշտ հնարավորությունները։ Հայկական կողմը տանուլ է տվել պատերազմում, ունենք մեծաքանակ ռազմագերիներ, որոնք ադրբեջանական կողմը շարունակում է պահել և օգտագործել մեր իսկ դեմ, գործադրելով ճնշումներ իրեն համար շահեկան դիրքեր կորզելու համար։ Ակնհայտ է, որ իշխանությունները տանուլ են տվել նաև Սյունիքի մարզում, զիջելով մեծ տարածություններ, այդ թվում տասնյակ դիրքեր և մի շարք բնակավայրեր։ Եվ դեռ ստեղծված վիճակը շարունակում է խորապես մտահոգիչ մնալ։
Ըստ այդմ, վիճակը ըստ էության, հայանպաստ չի կարող լինել, քանի դեռ շարունակում են պաշտոնավարել ներկայիս իշխանությունները, որոնք տանուլ են տվել ամեն ինչում (տնտեսություն, բանակ, պատերազմ, համաճարակ, հասարակություն և այլն)։ Եվ այդ ֆոնին և՛ դիվանագիտության վարումը և՛ թե հնարավոր պատերազմը մեզ համար հաջողությամբ չի ավարտվի։ Առնվազն եթե ոչ պարալիզացված, ապա խորն անգործության են մատնված երկրի գործադիրն ու օրենսդիրը։ Իսկ տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական և մնացած այլ ճգնաժամերը շարունակում են խորանալ և մոտենալ դեֆոլտային իրավիճակի հաստատմանը։

Ներկայիս իշխանությունը սահմանափակվում է միայն դեկլարատիվ նշանակության հայտարարություններ անելով, որոնք ադրբեջանական կողմի համար այսօր որևէ նշանակություն չունեն։ Չէ, որ ս․թ․ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, համաձայնվեց կնքել երկրորդ փաստացի կապիտուլացիոն պայմանագիրը, ըստ որի, առանց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարման, մասնավորապես՝ ռազմագերիների  հետ վերադարձնելուն և առանց այլ կարևոր խնդիրների առաջ քաշմանը  (արցախահայության փախստականների հարցի լուծման, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների տապալման, ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի փաստացի վիժեցման և այլն) համաձայնվեց Հայաստանի սահմանով փաստացի Ադրբեջանին տրամադրել տրանսպորտային ճանապարհ, որն Ալիևը շատ հաճախ շահարկում է և անվանում է միջանցք, ինչը միջազգայնորեն այլ հասկացություն է և ենթադրում է ազատ, անվտանգ և ինչու չէ նաև՝ անկախ տեղափոխում։
Ավելին, Ալիևի վերջին օրերի հայտարարությունները հստակ մատնանշում են Ադրբեջանի աստիճանաբար ռազմական ճանապարհով Արցախի մնացած մասի գրավելու, Սյունիքի շրջանի հայաթափման և աստիճանաբար անեքսիայի իրականացման մտադրության մասին։ Իսկ այսօրվա իշխանությունները սահմանափակվում են լոկ հայտարարություններով, այն էլ հազվադեպ։
 
-Որո՞նք պետք է լինեն ՀՀ առաջնահերթությունները բանակցային գործընթացում:
 
-Քանի որ ստեղծված իրավիճակը խիստ սահմանափակ է դարձել մեզ համար, ապա բանակցային գործընթացում մենք կարող ենք առաջնորդվել այնպիսի առաջնահերթություններով, որոնք փաստացի մեզ չպետք է դնեն պատերազմի վերսկսման վիճակում և ոչ էլ զիջողական։ Իսկ դա հնարավոր է այսօր, այս վտանգավոր պայմաններում, երբ բանակը վերակառուցման և վերականգնելու պահանջ ունի, տնտեսությունը՝ փրկելու առաջնահերթություն։ Մի կողմ դնենք երբեմնի կոմպլեմենտար քաղաքականությունը և ընդունենք այս փուլի համար միակողմանի պրոռուսականությունը՝ որքան էլ այն հանրության որոշ շրջանակների համար դիտարկվում է խիստ բացասական։
Մենք իրականում ժամանակ չունենք, միջազգային իրավունքի առումով մենք այսօր փաստացի ինտեգրված ենք հիմնականում ռուսական աշխարհին՝ տնտեսական, քաղաքական և ռազմական կարևորագույն ուղղություններով։ Հետևաբար, եթե ցանկանում ենք առնվազն ոչ պարտվողական դիրքերից հանդես գալ, ապա ստեղծված իրավիճակում պետք է Ռուսաստանի հետ համագործակցության խորացման նոր ձևաչափ որդեգրենք։ Իրականում այդ ամենը հնարավոր է, եթե մենք կարողանանք բանակի զարգացման հետ համատեղ համոզել Ռուսաստանին միջուկային զենքի մշակման և Հայաստանում այն ներդրման ուղղությամբ, ինչը հետագայում պատերազմները զսպելու հիանալի միջոց կդառնա։

Այսօր Թուրքիան իր առաջնահերթությունների մեջ գերկարևոր է համարում միջուկային զենքի ներդրումը և զարգացումը։ Համագործակցում է միջուկային զենք ունեցող Պակիստանի հետ և, ըստ տարբեր աղբյուրների, մինչև 2024 թվականը արդեն իսկ ամբողջությամբ այն ձեռք կբերի և կզարգացնի։ Իսկ այդ դեպքում Ադրբեջանի կողմից այն ստանալու պայմանը բավական իրատեսական է։ Իհարկե, եթե մեզ հաջողվի նման քայլի գնալ և ռուսական կողմի հետ պայմանավորվել և սկսել զարգացնել միջուկային պոտենցիալը, ապա ՄԱԳԱՏԷ-ն և աշխարհի այլ գերհզորներ կսկսեն հնարավոր սանկցիաներ կիրառել, որին մենք պատրաստ պետք է լինենք և դիվանագիտական կորպուսը պետք է աշխատի այդ ուղղությամբ։ Չէ որ Իսրայելը, որը համարվում է միջուկային զենքի կրող ոչ պաշտոնական կողմ որևէ կերպ միջազգային քննադատության չի ենթարկվել, ինչը խոսում է այդ երկրի հզոր դիվանագիտության մասին։

Իսկ ստեղծված պայմաններում հայկական կողմը նախ և առաջ պետք է հասնի նրան, որպեսզի վերականգնի Մինսկի խմբի հայտնի ֆորմատը, որից հետո բարձրացնի Հադրութի և նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձի խնդիրը և միջազգային ճանաչման կարգավիճակը։ Եվ այս ամենի համար կարևոր նախապայման է նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակավոր կետերի չկատարումը, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով ճանապարհային ուղու տրամադրման հարցի սառեցումը, որի հետ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում։
 
-Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ և հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Հնարավո՞ր է բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում:
 
-Արցախի հիմնախնդրի վերջնական լուծման համար այսօր այլ տարբերակ չի նախատեսվում։ Դեռևս միակ հարթակը շարունակվում է մնալ հենց ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը։ Իհարկե, այն կշարունակվի։ Ըստ էության, Ադրբեջանը փորձում է այն վիժեցնել, փորձում է ձգձգել և 4,5 տարի առնվազն պահել դրա չգործածումը, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերի դուրս գալու հնարավոր զարգացման հետ համատեղ վերջնականապես լուծի Արցախի մնացած հատվածի ճակատագիրը, այսինքն՝ բնաջնջի կամ աքսորի հայերին իրենց բնօրանից և վերջնականապես փակի այդ հարցը։ Սակայն դա լոկ Ադրբեջանի ցանկությունն է և ոչ Հայաստանի կամ Ռուսաստանի։  Ըստ երևույթին, կլինեն ճնշումներ Ադրբեջանի վրա ԵԱՀԿ-ի ՄԽ բանակցությունները վերականգնելու ուղղությամբ։ Առնվազն ամերիկյան կողմը Բայդենի հաղթանակից հետո սկսել է ակտիվորեն ներգրավվել գործընթացին և ցանկանում է նոր օրակարգ սահմանել, որը որևէ կերպ ցանկալի չէ Ադրբեջանի համար։ Իսկ այդ օրակարգը ենթադրում է ՄԽ գործընթացի ակտիվացում, մասնավորապես՝ Հադրույթի և նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձի քննարկման առարկա դարձնելը։ Այդ օրակարգին կողմ է նաև ֆրանսիական կողմը՝ որպես մյուս համանախագահող երկիր։ Իսկ այս ամենը վկայում է մի բանի մասին, որ Արցախյան հիմնահարցը որևէ կերպ վերջացած չէ՝ հակառակ Ալիևի պնդումներին, և կարող է մտնել զարգացման նոր փուլ։
 
-Հայաստանը միշտ հանդես է եկել Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխավորի դիրքերից: Ի՞նչ ճակատագրի կարող են արժանանալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի անկախության ճանաչման հարցերը:

-2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո փաստացի Հայաստանը չունի ռեսուրս և չի կարող այլևս հանդես գալ նման դիրքերից, ինչի հետ կապված Ադրբեջանն տևական ժամանակով քայլեր է ձեռնարկում և փորձում ամեն կերպ մարգինալացնել հայաստանյան մասնակցությունն այդ գործընթացներին։ Փաստացի այսօր Արցախի հայության միջազգային անվտանգությունը վիժեցված է։ Իրողություն է միայն այն, որ այդ անվտանգությունն ապահովվում է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Փաստացի այսօր Հայաստանը նոր զորախմբով կամ ռազմատեխնիկայով չի ներգրավվում Արցախի պահպանմանը։ Այն անգամ դժվարություններով և վերապահումներով է կարողանում ապահովել Սյունիքի և մնացած հայ-ադրբեջանական սահմանը։ Իսկ այս ամենը վկայում է իշխանության պարտվողականության և շարունակական հետադիմության մասին։
Արցախի հետագա կարգավիճակը, որը ներկայումս սառեցված է, հնարավոր է քննարկման առարկա դառնալ այն պարագայում, երբ հայկական կողմը կարողանա բանակցային գործընթացում շահարկման և ներազդեցության համար լրջագույն հիմքեր և հնարավորություններ ունենալ։ Իսկ այն հնարավոր է միայն ուժեղ բանակ ունենալու, կայուն տնտեսություն ստեղծելու պարագայում։ Մինչ այդ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական խորը ճգնաժամ, իսկ այդ պարագայում, երբ պետականության կորստի լուրջ վտանգի առջև ենք կանգնած, խոսել կարգավիճակի մասին անիրատեսական է։
 
-Ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հակամարտությունն այլևս հանգուցալուծված է:
 
-Իրականում Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել և նման հայտարարությունները միտված են հետպատերազմական շրջանում իր կողմից թույլ տված բազում խախտումների կոծկմանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված կարևորագույն սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման, պատերազմի ընթացքում Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման և հայկական կողմի դեմ դրանց օգտագործման հարցը, քաղաքացիական անզեն բնակչության նկատմամբ բազմաթիվ ահաբեկչական քայլերը՝ սպանություններ, կտտանքներ, խոշտանգումներ, մշակութային կոթողների նկատմամբ վանդալիզմի դեպքեր և այլն։ Եվ քանի որ ռուս խաղաղապահների գտնվելը Արցախում նախատեսված է 5 տարի ժամանակով, ապա ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում, եթե իհարկե շրջադարձային իրադարձություններ տեղի չունեն, ապա պաշտոնական Բաքուն հավանաբար կպահանջի վերջիններիս դուրս բերումն այդ տարածքից։

Ադրբեջանը բավարարված չէ հանգուցալուծման այն տարբերակով, որը տեղի ունեցավ, քանի որ հիմնական նպատակը Արցախի հայաթափումն էր, որն ամբողջովին տեղի չունեցավ։ Պետք է նաև ընդունել, որ Ադրբեջանը երբեք չի գնա Արցախին անկախություն տրամադրելու ճանապարհով, հատկապես, երբ հայկական կողմը պարտվել է պատերազմում։ Եվ դրա հիմնական պատճառներից մեկն էլ նա է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է խորը անհանդուրժողականություն և էթնիկ բախումների մեծ վտանգ։ Իսկ այդ ամենը ենթադրում է, որ Արցախի անկախության պարագայում այն կարող է հանգեցնել մնացած էթնիկ միավորների նմանատիպ անկախացման պահանջին։ Բացի դրանից, Ադրբեջանը հատկապես հետպատերազմյան շրջանում, օգտվելով օրեցօր ուժեղացող թուրքական ազդեցության և աջակցության հնարավորություններից, նման օրակարգ իր համար չի ձևակերպի։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է ցուցադրել իր լոյալությունը ստեղծված իրավիճակի շուրջ և ցույց տալ այն պրիզմայով, որ այսուհետ Արցախյան խնդիր չկա, ամեն գնով փորձելով տապալել Մինսկի խմբի ֆորմատը, վիժեցնել կարգավիճակի հարցը, հետևել Հայաստանի թուլացմանը և ստիպել Արցախին աստիճանաբար հրաժարվել հետագա պայքարից։ Բայց նաև պետք է ընդունել այն, որ Արցախը երբեք չի համաձայնվի որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի մաս, քանի որ նման հեռանկարը կործանարար է արցախահայության համար։ Այդ իսկ պատճառով ակնառու են արդեն որոշ գործընթացներ, որոնք արցախցիները կիրառում են  Ռուսաստանին սիրաշահելու համար, մասնավորապես Արցախում պետական երկրորդ լեզու ռուսերենը դարձնելու առթիվ՝ ակնկալելով, որ վերջինս քայլեր կձեռնարկի խաղաղապահների մնալու առնվազն 5 տարի ժամկետը երկարաձգելու կամ այլ այլընտրանքներ կիրառելու ուղղությամբ, քանի որ հիմնական անվտանգությունը ստեղծված իրավիճակում կապում են հենց Ռուսաստանի հետ։   Այդ ֆոնին չի բացառվում նաև, որ մոտ ապագայում կգործի նաև աբխազական սցենարը, այն է՝ ռուսական անձնագրերի համատարած բաժանման գործընթացը, Ստեփանակերտ-Մոսկվա ուղիղ ավիակապի հաստատումը, Ռուսաստանի կողմից պաշտոնական դեմքերի այցերն Արցախ, ռազմական օգնությունն ու բանակաշինությունը և այլն։ Ամեն դեպքում Արցախում չեն դադարում հրաժարվել այն կարևոր մտքից, որ Արցախը պետք է գնա իր միջազգային սուբյեկտայնության հաստատման և ամրապնդման ճանապարհով։  
 
-Թուրքիայի անմիջական մասնակցության և վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ Արցախի դեմ ռազմական գործողություններում ուղղակի մասնակցության մասին կարծես այդքան էլ չի խոսվում:
 
-Խնդիրը կայանում է նրանում, որ աշխարհաքաղաքական խոշոր գործընթացներում նման փաստարկները կարող են խաղաթուղթ լինել ինչ-որ իրադարձային իրավիճակներում, բայց դրանք խոշոր քննարկման և շահարկման առարկա կարող են լինել միայն այն ժամանակ, երբ կա կոնկրետ մեծ տերությունների շահերի դրսևորում։ Այս պարագայում թուրքական գործոնն Արևմուտքի համար շարունակում է ընկալելի մնալ և հիմնականում աջակցվել, հատկապես իրեն սատարող Մեծ Բրիտանիայի և ինչ-որ առումով նաև ԱՄՆ-ի կողմից։ Մյուս խաղացողները՝ Գերմանիան և Ֆրանսիան, որքան էլ առանձին տարաձայնություններ ունեն  Անկարայի հետ, այնուհանդերձ ունեն նաև լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, Թուրքիան չի դադարում շանտաժի ենթարկել, որ եթե իր դեմ տրամադրվեն, ապա իր երկրում գտնվող մեծաքանակ սիրիական և քրդական փախստականների հոսքը (մոտ 3 մլն) դեպի Եվրոպա կակտիվացնի, ինչը կհանգեցնի այդ երկրներում մարդասիրական աղետի։

Բացի դրանից,  որքան էլ պարադոքսային կարող է հնչել, եվրոպական տնտեսության շատ ենթակառուցվածքներ անուղղակիորեն կախված են թուրքական արդյունաբերությունից, հատկապես՝ շինարարական ոլորտն ու տեքստիլը։ Թուրքիայի հետ ընդհարումը կարող է մեծ տնտեսական խնդիրների հանգեցնել, եթե վերջինս որոշի նաև Դարդանել և Բոսֆոր նեղուցներով փոխադրումները սահմանափակել, անկախ միջազգայնորեն ընդունված կոնվեցիաների։ Եվ ի վերջո, Թուրքիայի գործոնը ՆԱՏՕ-ում որպես երկրորդ քանակապես մեծ բանակի և ուժեղ խաղացողի հետ նահանջումը նույնպես կթուլացնի այդ կառույցի հիմքերը, իսկ նման հեռանկար Արևմուտքը չի ցանկանում ունենալ, հատկապես, երբ Թուրքիան շատ անգամ դիտարկվում է ռուսականության և ռուսական աշխարհի դեմ կիրառվող լավագույն զենք՝ մեծ թուրանի գաղափարի կյանքի կոչելու և իրական հնարավորության իրականացնելու ճանապարհով։

Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչներ բերելու խնդրի մասին քիչ թե շատ խոսվում էր միայն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Սիրիայի կողմից։ Բայց եկեք արձանագրենք, որ անգամ ՄԱԿ-ում այդ մասին վերջիններիս կողմից բարձր ամբիոնից այդպես էլ չբարձրաձայնվեց։ Իսկ այդ ամենը խոսում է այն մասին, որ այն ծառայում էր միայն իրադարձային զարգացումների դեպքերում դիվանագիտական ճնշում գործադրելու համար՝ որևէ կերպ նպատակ չունենալով այդ թեզն առաջ տանելու, ռուս-թուրքական հարաբերությունները սրելու, ռուս-ադրբեջանական կապերը վնասելու, հատկապես, երբ արդեն իսկ կնքվել էր եռակողմ հայտարարությունը։
 
-Եռակողմ հայտարարությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն հրադադարի հաստատմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Այս մասով ի՞նչ կասեք:
 
-Պետք է ընդունել, որ նշված ժամանակահատվածը պատահականություն չէ։ 2024 թվականի մարտին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Իսկ այդ պայմանագիրն ունի առնվազն 5 տարի կյանք։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում գործող քաղաքական ղեկավարությունն ապահովագրել է իրեն համար նշված ժամկետները ճիշտ այնքանով, որքան նա կղեկավարի, իսկ այդքանից հետո հնարավոր փոփոխությունները ցույց կտան հետագա քայլերը։

Կարծում եմ՝ այս ընթացքում Ռուսաստանը, ինչպես մնացած այլ հակամարտությունների գոտում գտնվող տարածքներում, կփորձի կյանքի կոչել իր պետական շահերից բխող քայլեր, մասնավորապես՝ Արցախում աստիճանաբար կամրապնդի ռուսական պետական մասնակցությունը, կբացվեն ռուսական դպրոցներ, կտրվեն ռուսական անձնագրեր, կհիմնվեն ռուսական կինոթատրոններ և աստիճանաբար կկնքվեն սկզբնական շրջանում ռուս-արցախյան մարդասիրական պայմանագրեր, հետո արդեն՝ պայմանագրեր այլ բնույթի։ Սակայն պետք է իրատեսական գնահատել ներկայիս վիճակը, քանի որ պարզ է, որ Արցախն առանց Հայաստանի մասնակցության, նույնիսկ եթե ընդունենք, որ այն կապ է անմիջապես Ռուսաստանի հետ, անհնար է։ Ռուսաստանում այն շատ լավ հասկանում են։ Հետևաբար, ռուսական կողմը կփորձի Հայաստանում հաստատել այնպիսի իշխանություն, որի գործողությունները պայմանավորված չեն լինի ռևանշիզմով և եռակողմ պայմանագրի լուծարման հնարավորությամբ, որից հետո միայն կզարգացնի և կամրապնդի Հայաստանի հետ հարաբերությունները, ինչն էլ ուղիղ էկվիվալենտ է Արցախի հիմնահարցի հետ։  
 
-ԱՄՆ նախագահի փոփոխությունը հնարավոր է անդրադառնա մեր տարածաշրջանում ԱՄՆ դիրքորոշման վրա, նաև Արցախի խնդրի համատեքստում:
 
-ԱՄՆ քաղաքականությունն այս տարածաշրջանում դեռևս պասիվ է այնքանով, որքանով ակտիվ է ռուսական քաղաքականությունը։ Պետք է այնուհանդերձ ճիշտ հասկանալ, որ Ադրբեջանը շարունակում է մնալ Արևմուտքի կարևոր խաղացողներից՝ Մեծ Բրիտանիայի շահերի կիզակետում, ինչպես նաև Թուրքիան։ Եթե առաջինի դեպքում այն էներգետիկ և տնտեսական նշանակության առումով է կարևոր, ապա երկրորդը՝ ռազմաքաղաքական։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի ակտիվացումն ու Ռուսաստանի դեմ միտված քայլերն է, որ պետք է ակտիվանան տարածաշրջանում, ինչը խրախուսվում և աջակցվում է ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԱՄՆ-ի և ցավոք, Իսրայելի կողմից։ Թուրքիայի որպես կարևոր խաղացողի ներգրավվումը տարածաշրջանում ուղղված է մի քանի գործընթացների կյանքի կոչելուն։ Իրանը շարունակում է դիտարկվել Արևմունքի կողմից որպես ինքնուրույն խաղացող, որը մեծ ռիսկեր և վտանգներ է ներկայացնում վերջիններիս համար, հատկապես նավթի և գազի մեծ պաշարներով հանդերձ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի զարգացումը հենց պետք է միտված լինի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի նվազեցմանը՝ անգամ այդ երկրներում ցնցումների և հեղաշրջումների ճանապարհով իշխանազավթումն ու վեստերնիզացումը։ Անգլո-սաքսոնական մեծ քաղաքականության իրական տեսլականը կայանում է նման քաղաքական սցենարների իմպլեմենտացման մեջ, որոնց իրական հիմքերը ըստ էության արդեն դրված են, իսկ բեկումնային շրջանը՝  դեռ առջևում է։              
 
-Ինչպես կգնահատեք Հայաստանի մերձավոր հարևան Իրանի վարած քաղաքականությունը, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան շրջանում:

-Իրանում իրականում խորը մտահոգված են հայկական կողմի պարտությամբ, թեպետ պաշտոնական հայտարարություններով պաշտոնական Իրանն արդեն իսկ կատարել է շատ անգամ ոչ հայանպաստ հայտարարություններ, մասնավորապես՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստակամություն հայտնելով մասնակցել այդ արցախյան արդեն իսկ օկուպացված շրջանների վերականգման աշխատանքներին։ Պետք է արդար գտնվենք և ընդունենք նաև այն, որ Հայասանում տեղ գտած իշխանափոխությունն ու թավշյա հեղափոխությունը բավական բացասական երանգներով էր ընդունվել Իրանում՝ տեսնելով դրանում Արևմուտքի հետք։ Իսկ երբ արդեն Հայաստանը պաշտոնապես բացեց Իսրայելում դեսպանատուն, ավելին՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրացումներում անտարբերության դիրքերից հանդես եկավ, պարզ էր արդեն իսկ, որ Իրանը չի դիտարկելու ներկայիս հայաստանյան իշխանությունը որպես իրենց համար հարմար գործընկեր, փոխադարձ հարաբերությունները զարգացնելու և առավելապես խորը  ռազմավարական  կապեր հաստատելու ուղղությամբ։

Իրանի համար հայ-ադրբեջանա-թուրքական հակամարտության կարմիր գիծը տարածքային ամբողջականությունն է, որի մասին վերջերս հնչեցրել է իրանական կողմը։ Իսկ այն հիմնականում ենթադրում է, որ ադրբեջանա-թուրքական երբեմնի երազանքը տիրել Մեղրիին ու Սյունիքին չի հանդուրժվելու Իրանի կողմից, քանի որ այդ դեպքում այն ուղիղ հարված կարող է հասցնել վերջինիս ազգային անվտանգությանը։ Չմոռանանք, որ Իրանի հյուսիսային շրջանները հիմնականում բնակեցված են մոտ 27 միլիոն էթնիկ ադրբեջանցիներով, որոնք ադրբեջանցիների նման հաջողությունների ֆոնին բավական ակտիվացել են և հետագայում կարող են անջատողական դիրքերից հանդես գալ։ Իսկ այդ ամենի պատճառներն ու հիմքերը կան։ Առնվազն այդ մասին անցած տարի դեկտեմբերին Բաքվում այսպես կոչված ռազմական շքերթի ժամանակ  անուղղակիորեն հայտարարել էր Էրդողանը։
Իրանը մտահոգված է հարավկովկասյան տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացմամբ, առավել ևս՝ Ադրբեջանում փաստացի ռազմաքաղաքական ամրապնդմամբ, ինչը հեռու գնալու և մեծ թուրան ստեղծելու և թյուրքալեզու աշխարհի կոնգլեմերացիայի լուրջ մարտահրավերներ է այսօր նետել։ Իրանը մտահոգված է նաև Թուրքիայի կողմից միջուկային զենքի ստեղծման մտադրություններով, տեսնելով այդ ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլեր։ Հետևաբար իր հետագա քայլերը մեծապես միտված կլինեն ուրանի զարգացմանն ու միջուկային զենքի ստեղծմանը, հատկապես, երբ նման դառը մարտահրավեր արդեն իսկ վերջինս ստացավ ամիսներ առաջ Իրանի  միջուկային զենքի գիտակներից մեկի սպանության կազմակերպման առումով։

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, կարծում եմ, Իրանի եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի աջակցությունը մենք պարտավոր էինք ստանալ, եթե չլինեին Հայաստանում հաստատված այն իշխանությունները, որոնք իրենց քայլերով հանգեցրեցին Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների սառեցմանը։
Իսկ Իրանը, փաստացի լինելով այն բացառիկ պետություններից, որի անմիջական շահերը բխում էին այս պատերազմում Հայաստանի կողմից հանդես գալու հրամայականով,  հակառակը պատերազմի ժամանակ անգամ չեզոք դիրքերից  հանդես չեկավ, իսկ պատերազմից հետո աջակցեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Այնուհանդերձ, տարածաշրջանում Իրանը Ռուսաստանից հետո շարունակում է մնալ այն բացառիկ պետությունը, որի շահերը Հայաստանի և հայկական կողմի շահերի հետ ամենաշատն են համընկնում։ Թե որքանո՞վ մեզ կհաջողվի այն պահպանել, զարգացնել և որակապես նոր հարթություն տեղափոխել, կախված է հիմնականում այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ վերջինիս շուրջ, հատկապես՝ շեշտը դնելով հետպատերազմական շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարների վրա։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր