Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում    

31 դեկ 2017 12:55

Տեր Եսայի քահանան Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի, Ձմեռ պապիկի, տոնածառի և այլ խորհուրդների մասին. Հարցազրույց

Տեր Եսայի քահանան Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի, Ձմեռ պապիկի, տոնածառի և այլ խորհուրդների մասին. ՀարցազրույցԱմանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի, Ձմեռ պապիկի ու տոնածառի նշանակության և այլ խորհրդանշող հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց  ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
 
-Տեր հայր, խոսենք  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մասին: Աշխարհի շատ երկրներում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Ինչո՞վ է սա պայմանավորված: 
-Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Հռոմեացիները դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշում էին արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:
Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
-Ինչո՞ւ է տոնը կոչվում Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոն: 
-Ս. Ծնունդով և Քրիստոսի Մկրտության խորհրդով Աստված հայտնվեց աշխարհին ու մարդկանց։ Ըստ հին եբրայական սովորության՝ տղամարդիկ հասարակական գործունեության իրավունք էին ստանում երեսուն տարին լրանալիս: Եվ քանի որ Հիսուս պահում էր բոլոր սովորությունները, Իր ծնունդից ուղիղ երեսուն տարի հետո նա հայտնվեց մարդկանց: Եկավ Հորդանան, որտեղ քարոզչություն էր իրականացնում Ս. Հովհաննես Մկրտիչը՝ Նախակարապետը: Մկրտվեց Հորդանանի ջրերում: Այսպես՝ Հիսուս առաջին անգամ հայտնվեց մարդկանց իր Ծնունդով: Այդ Ավետիսն առաջինը ստացան հովիվները, և երեք մոգերն էլ եկան երկրպագելու նրան: Եվ երկրորդ անգամ արդեն իր երկրային քարոզչության սկզբում Հիսուս հայտնվեց մարդկանց՝ Հորդանանում մկրտվելով: Եվ այդ ժամանակ Ս. Հոգին աղավնակերպ իջավ և երկնքից լսվեց Հայր Աստծո ձայնը, թե՝ «Դա է Իմ Որդին»: Նախ Հովհաննես Մկրտչի կողմից, ապա երկնքից հնչած ձայնով ներկայացավեց որպես Աստծո Որդի:  
-Որպես կանոն տաղավար տոներից առաջ պահոց շրջան է սահմանված: Իսկ մեր երկրում տարիներ շարունակ Ս. Ծննդից առաջ մարդիկ Ամանորը նշում են ոչ թե պասային, այլ՝ ճոխ, կենդանական կերակուրներով հարուստ սեղաններով ու հյուրասիրությամբ: Ի՞նչ կասեք սրա մասին և ինչպե՞ս կարելի է ձերբազատվել այս սովորույթից:
-Պետք է մարդիկ գիտակցեն, որ կարևորը Ս. Ծննդյան տոնն է, ոչ թե Նոր տարին։ Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Բնական է, որ կլինեն դժվարություններ, սակայն եթե մենք հասնենք հոգևոր բարձր գիտակցության, որ Նոր տարվա խորհուրդն առավել իմաստավորվում է Ս. Ծննդյան տոնով, ապա պահք պահելն ու ամանորյա ուրախությունը կկարողանանք համատեղել։ Նոր տարվա ուրախությունը ոչ թե պայմանավորված է կերուխումով, այլ՝ Ս. Ծննդյան ավետիսով։ 
-Մանուկների համար ամենացանկալի կերպարը՝ Ձմեռ Պապի կերպարը, նախատիպը որտեղի՞ց է գալիս: 
-Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են՝ կախված մշակութային ու ազգային պատկերացումներից։ Քրիստոնեության մեջ Ձմեռ Պապի նախատիպը Ս. Նիկողայոսն է, ով համաքրիստոնեական սուրբ է և հատկապես աչքի է ընկել իր բարեգործություններով, կարիքավորներին օգնելով։ Նա աղքատներին նվերներ էր տալիս: Ու որպեսզի չիմացվի, թե ով է բարեգործը, նա հաճախ նվերները տանիքից էր ներս գցում: Այստեղից էլ ձևավորվել է գաղտնի նվեր տալու, տանիքից կամ ծխնելույզով եկող Ձմեռ պապի կերպարը: Մեզանում Ձմեռ պապին պետք է ոչ թե առատ նվերներ բաժանողի, այլ բարեգործություն անողի օրինակ լինի: Մենք իսկապես պիտի հասկանանք, որ ուրախությունը ոչ թե նվեր ստանալու մեջ է, այլ՝ նվիրելու: 
-Իսկ տոնածառի խորհրդը ո՞րն է:
-Քրիստոնեական ընկալման մեջ տոնածառը Դրախտի կենաց ծառի խորհուրդն է, որը մենք փոխաբերական իմաստով պետք է զարդարենք մեր առաքինություններով և բարի գործերով: Տոնի նախօրեին դրված տոնածառը պետք է մեզ հիշեցնի Կենաց ծառը և դրախտը, ուր ամեն մեկս ձգտում ենք վերադառնալ: 
-Ե՞րբ պետք է այցելել ննջեցյալներին: Արդյոք ճիշտ է Ամանորի գիշերը այցելել գերեզմաններ:
-Ամանորի գիշերը գերեզման գնալը հակառակ չէ եկեղեցական կանոններին, պարզապես այս հարցին պետք է նայել նպատակահարմարության տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ մարդիկ Տաղավար տոնի օրն են գնում գերեզմաններ, ինչը սխալ է։ Գերեզման գնալու օրը մեռելոցն է, որը հաջորդում է Ս. Ծննդյան տոնին՝ հունվարի 7-ին: 
Ամանորին գերեզման գնալու սովորությունն էլ, ըստ էության, ձևավորվել է խորհրդային տարիներին, երբ եկեղեցական, հոգևոր տոները ստվերվում էին, անգամ՝ արգելվում: Մարդիկ էլ Ս. Ծննդյանը հաջորդող մեռելոցի փոխարեն գերեզմաններ սկսեցին գնալ Ամանորին: Մեր անտեղյակությունից բազմաթիվ սխալ ու անտեղի սովորություններ են ձևավորվում, որոնք ոչ մի խորհուրդ չունեն, սակայն, ցավոք, տարածվում են: 
-Իսկ ո՞րն է Ս. Ծննդյան խորհուրդը: 
-Քրիստոս ծնվեց, որպես անպաշտպան մի մանուկ։ Տերն այնքան վստահեց մարդուն, որ Ինքն Իրեն անպաշտպան Մանկան տեսքով հանձնեց մարդկանց ձեռքը: Իսկ մարդուց պահանջվում է արդարություն և սեր, նվիրում և բարություն: Իրական արդարությունն այն է, երբ մարդը ձգտում է արդարության հանուն ճշմարտության, սիրո ու ողորմածության հաղթանակի: Օրինակ՝ Հովսեփը ոչ միան արդար էր, այլև ողորմած, նրա արդարությունն անբաժանելի է ողորմածությունից, ինչպես սերը ճշմարտությունից:
Չմոռանանք նաև, որ Աստված հայտվեց նրանց, ովքեր փնտրում էին Իրեն: Արդյո՞ք մենք այսօր փնտրում ենք Տիրոջը: Վստա՞հ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք իրականացնում մեր փնտրտուքը: Իսկապե՞ս փնտրում ենք, որ գտնենք: Այս հարցերի պատասխանը պիտի լինի մեր կյանքը, ամուր հավատքը, սերն ու քաջությունը ամեն գնով Տիրոջը հետևելու:
Ուստի Ս. Ծննդյան խորհուրդը մեզ բացահայտում է, որ նախ մարդիկ փրկեցին Աստծուն այս աշխարհում, ապա Աստված փրկեց մարդուն և աշխարհը: Այս հրաշալի համագործակցության մեջ է մեր փրկության իմաստը: Ս. Ծննդյան տանին մեր հոգու և մտքի ողջ կարողություններն ուղղված են դեպի Բեթղեհեմյան քարայրը, որտեղ արդար Հովսեփն է, բարի հովիվները, իմաստուն մոգերը, Մարիամը, ով խոսում է հրեշտակների հետ: Այդ քարայրում իմ, ձեր, ամենքիս երջանկությունն է, Փրկությունը, որը գուցե դեռ փոքր է, կարիք ունի պաշտպանի` մեր արդարությանն ու ողորմածությանը, սիրուն ու հավատքին, ազնվությանն ու իմաստությանը: Մյուս կողմից, մենք էլ կարիք ունենք Մանուկ Հիսուսի, Տիրոջ ողորմությանն ու սիրուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր