Նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի          ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը       Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են    

10 փետ 2026 14:04

Նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի

Նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի«Նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի»։

Այսօր Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի։ Սուրբ Պատարագին և տոնական միջոցառումներին մասնակցեցին նաև Մասյացոտնի թեմի քահանա հայրերը՝ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ։

Ամենամյա շնորհաբաշխությանը ներկայացված էին թեկնածուներ նաև Մասյացոտնի թեմից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, և լանջախաչ կրելու իրավունք՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանին։

Վեհափառ Հայրապետը, դիմելով հոգևորականաց դասին, նշեց.

«Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի։ Այս տոները ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը, բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել։ Սրբոց Ղևոնդյանց պատմությունը ցույց է տալիս, որ հազկերտների բռնացումը Եկեղեցու և նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու և ձախողվելու է՝ արժանանալով հոգևորականաց և ազգիս բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։ Ինչպես հինգերորդ դարի ճակատագրական ժամանակներում, այսօր էլ Եկեղեցու ու արժեհամակարգի պաշտպանությունը ազգապահպանության կենսական խնդիր է, քանզի առանց հավատքի, Եկեղեցու և մեր նվիրական արժեքների հայ ժողովուրդը կվտանգի իր ինքնությունն ու հարատևությունը։ «Առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանցնել չարի բոլոր մխացող նետերը»,- բոլոր ժամանակների համար պատգամում է առաքյալը (Եփ. 6։16-17)»։

Թող Սրբոց Ղևոնդյանց բարեխոսությունը մշտապես ուղեկից լինի հոգևորականաց դասին և հավատավոր մեր ժողովրդին։

«Տիրոջ պատվիրանները լույս են և լուսավորում են մարդու աչքերը։ Թող Աստված լուսավորի ձեր մտքի աչքերը, որպեսզի ձեզնից տարածվի Քրիստոսի՝ մեր Աստծու գիտության լույսը, և Տիրոջ կողմից կոչվեք աշխարհի լույս։ Թող ձեր մեջ խավար չլինի, և ամբողջությամբ լուսավորված փայլեք, ինչպես արեգակը երկնքի արքայության մեջ, բոլոր սրբերի հետ միասին, ըստ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանների» (հատված Քահանայական ձեռնադրության աղոթքից)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր