Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

01 հուն 2018 21:25

Հավատում եմ երազանքի ուժին, եթե այն ի կատար ածելու ցանկություն և նվիրում լինի. Մանե Թանդիլյան

Հավատում եմ երազանքի ուժին, եթե այն ի կատար ածելու ցանկություն և նվիրում լինի. Մանե ԹանդիլյանHayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույց՝ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:
-Եթե 2017թ-ը ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Մանե Թանդիլյանի համար:
-Բեկումնային, դժվար, բայց և բերկրալից ու ճակատագրական:
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
-Ամենագլխավոր և պարտավորեցնող ձեռբերումը ժողովրդի վստահության քվեն էր, որը 2017թ-ին ինձ դարձրեց ընտրատարածքից ընտրված միակ կին պատգամավորը՝ Ազգային Ժողովի ընտրություններում։ Նաև ձեռք եմ բերել զարմանալի ընկերներ այն տեղերում, որտեղ չեմ սպասել: Կյանքը լի է անակնկալներով։ 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Բացթողումներ ես համարում եմ կորուստները, որոնք ունեցել եմ նախորդ տարի և որոնք պակաս ճակատագրական չեն եղել։ Թերևս ամենազգալին հարազատ մարդկանց հետ պակաս անցկացրած ժամանակն է, որն անդառնալի է։ Իսկ հանրային կյանքում դրանք մարտահրավերներ են, երբեմն անհաջողության տեսքով, որոնք հերթափոխում են հաջողություններին։ Դրանք երբևէ բացթողում չեմ համարում, այլ՝ նոր հնարավորություն, աշխատելու նոր պայման։ Մնացածը՝ ժամանակի և ջանասիրության խնդիր է։
-Իսկ որո՞նք են 2018թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
-2018թ-ը հետաքրքիր հագեցած քաղաքական տարի է լինելու։ Սպասելիք է այն, ինչի ուղղությամբ մենք ինքներս ենք աշխատում։ Այդ առումով նպատակ ունենք հետամուտ լինել մեր ձևավորած օրակարգին,  մեր տեսլականին և մեր քաղաքական ծրագրերը կյանքի կոչելուն։ Նոր տարում ակնկալում եմ նոր մարտահրավերներ, ու համոզված եմ, այն երկար սպասել չի տա, քանի որ այս տարի անցում ենք կատարելու խորհրդարանական պետության և արդեն իսկ պարզ է դառնում, որ առկա  են բազմաթիվ բացթողումներ և մարտահրավերներ այն կյանքի կոչելու համար։ 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորը դիմավորում եմ ընտանիքիս հետ, փորձելով զերծ մնալ այն թոհուբոհից, որը Ամանորը վերածում է ուտելիքի տոնի։ Նախընտրում եմ ուղղակի վայելել Նոր Տարվա բերկրանքը՝ իր լույսերով, զարդարված տոնածառով, հրավառությամբ և միմյանց փոքրիկ անակնկալներ ու անմոռանալի տպավորություններ պարգևելու սպասումով։   
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը, որը ինքներդ եք պատրաստում:
-Ամանորյա ուտեստների պատրաստմանը իմ միջամտությունը սահմանափակվում է մթերք ձեռք բերելով, հատկապես երբ տանը ինձանից լավ պատրաստող կա (իսկ այդպիսին միշտ կա), ես պատրաստակամ եմ այդ պատասխանատու գործառույթը զիջելու։  
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Հրավառության մասնակցությունը դարձել է ամենացանկալի և սպասված ամանորյա ավանդույթներից մեկը։ Դրանով է սկսվում և շարունակվում տոնական տրամադրությունը։   
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Հավատում եմ, որ մարդը ի զորու է հրաշքներ գործելու, եթե համառություն, հետևողականություն և ջանասիրություն ունենա։ Հավատում եմ երազանքի ուժին, եթե այն ի կատար ածելու ցանկություն և նվիրում լինի։ 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Ավելի վաղ կճանաչեի մի շարք մարդկանց, որ ավելի երկար վայելեի նրանց ընկերակցությունը, խոսքը, սրտացավությունը և ավելի վաղ կհետաքրքրվեի քաղաքականությամբ, որ վերջինս այդքան սանձարձակ և անպատասխանատու կերպով չազդեր իմ կյանքի ընթացքի և որակի վրա։ 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Թող որ 2018թ-ը երազանքների իրականացման տարի լինի, եթե ոչ բոլորիս, ապա շատերիս համար, քանի որ, ինչպես ասեցի, երազանքները սովորություն ունեն իրականանալու, եթե, իհարկե, շատ ցանկանանք և նվիրում ունենանք... 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր