Էլիտայի ավանդույթների վերացումը. ի՞նչ է իրենից հետո թողնում գործող վարչախումբը
Յուրաքանչյուր էլիտա իր կառավարման ժամանակաշրջանում բերում է կառավարման իր հայեցակարգը, իր մոդելը, իր սովորույթները, հասարակությունն էլ կա՛մ ընդունում, կա՛մ չի ընդունում դրանք: Համակրելու դեպքում նշանակում է ընդունել այդ էլիտային որպես իրեն կառավարող մարդկանց խումբ, չընդունելը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ չեզոքությունից, անտարբերությունից մինչև ռադիկալ վերաբերմունք ու բոյկոտ: Եվ ուրեմն՝ ի՞նչ է մեզ ավանդում Հայաստանի գործող իշխանական վերնախավը երրորդ հանրապետության կառավարման ավարտին:
Շատ կարևոր է հասկանալ, որ էլիտայի սովորույթները ժառանգում է նաև հասարակությունը՝ անկախ իր դրական ու բացասական վերաբերմունքից, ու դա արմատականում է մարդկանց մեջ: Եվ ինչքան շատ են բացասական երանգները, այնքան նոր կառավարող շրջանակների համար ավելի բարդ է լինելու հետագայում մարդկանց մոտ վերաբերմունքը փոխել վերնախավի նկատմամբ: Գործող էլիտան իրենից հետո թողնում է վստահության հսկայական դեֆիցիտ սեփական հասարակության մեջ, հետևաբար վերականգնել այս կապը բավականին բարդ է լինելու:
Դրա վառ առկայությունը երևի այն է, որ, ի հեճուկս բոլոր ջանքերի, Հայաստանի հասարակությունը իշխող վարչախմբին այդպես էլ չճանաչեց որպես իր ղեկավարի, չճանաչեց նրանց լեգիտիմությունն ու չսատարեց կարևոր նախաձեռնություններում: Սա ուղղակի կերպով ազդում է պետություն-քաղաքացի հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտների վրա՝ սկսած անձնականից մինչև գործնական ու հոգեբանական: Քաղաքացին վստահություն չունի սեփական պետության նկատմամբ, հետևաբար ակնկալիք էլ չունի իր կառավարիչներից: Կառավարիչները կաշկանդված չեն քաղաքացիների դժգոհություններից, ու դա նրանց թույլ է տալիս կորցնել զգոնությունը և հանապազօրյա գրաֆիկի կատարումից անդին որևէ բան չեն անում:
Արդյունքում ունենում ենք ներքին մի շարք մարտահրավերներ ունեցող պետություն, իսկ քաղաքականությունը սկսվում է հենց ներքին օրակարգի լուծումներից: Հենց ներսի օրակարգն է հետո թելադրում արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ֆորմատը, ու քանի դեռ կանոնակարգված չեն այդ հարաբերությունները, Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ էլիտան, անկախ իր որակից, շարունակելու է հեռանալ սեփական հասարակությունից:
Վաչե Սարդարյան. Ֆեյսբուք: