Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

15 հուլ 2016 18:29

Հալեպից Բեյրութ հասնելը չափազանց վտանգավոր է, ահաբեկիչները սպանում ու թալանում են

Անցած շաբաթը հալեպահայերի համար ամենասարսափելին է եղել` 24 ժամ Հալեպի բոլոր շրջանները ռմբակոծվել են: Հուլիսի 15-ին այս մասին Հայացք մամուլի ակումբում հայտարարեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
Վազգեն Մեսրոպյանի խոսքով, հայաբնակ շրջաններում ամեն օր ունենում ենք զոհեր, վիրավորներ և բազմաթիվ ավերածություններ. «Ավերակներ, վիրավորներ, զոհեր, գրեթե ամեն օր նահատակներ ենք ունենում: Ցավալի է, որ ծաղկուն և հայապահպան ամենաակտիվ գաղութն այսօր գրեթե չկա: Առավոտ տանից դուրս են գալիս` չիմանալով` մեկ ժամ հետո կմահանա՞ն, թե ոչ, ռումբ կընկնի՞ իրենց տան վրա, թե ոչ: Ոչ հոսանք կա, ոչ ջուր, գումար չունեն, աշխատանք չունեն, չգիտեն` ինչ անեն: Ամեն օր գաղթում են Հալեպից, գալիս Սիրիայի համեմատաբար ապահով քաղաքներ, կամ Հայաստան, բայց դա խնդրի լուծում չէ»: Նա անդրադարձավ նաև հալեպահայության մշակութային ժառանգության ճակատագրին. «Մեր արխիվները 40 մանկանց եկեղեցում էր պահվում: Եկեղեցին էլ պայթեցվեց, բայց շտապօգնության և առաջնորդարանի աշխատակիցների շնորհիվ արխիվների մի մասն ապահով վայրում է: Սուրբ Գևորգն ավերակ է, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ էլ վարժարանի շենքն է ռմբակոծվել: Միակ գործող եկեղեցին է դա, բարեբախտաբար միայն ապակիներն են փշրվել: Մարդիկ անգամ գերեզմանատուն չեն կարողանում գնալ և հուղարկավորություն անել: Ծերանոցը ևս ռմբակոծված է, տարեցներին տեղափոխել են առավել ապահով վայր` հիվանդանոց: Բայց հիվանդանոցն էլ ռմբակոծվեց, մեկ տարեց մահացավ», նշեց Վազգեն Մեսրոպյանը: 
Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստվում է լավացնել հարաբերությունները Սիրիայի հետ՝ Մեսրոպյանն ասաց, որ սիրիահայերը այն կարծիքին են, որ Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի: Նրա խոսքով, ահաբեկիչները հենց Թուրքիայի սահմանից են ներխուժում: Հայկական թաղամասերը ռմբակոծելու հատուկ միտում կա: Ահաբեկիչները լավատեղյակ են, որ այդ թաղամասերում հայեր են բնակվում, և կան հայկական դպրոցներ:
Մեսրոպյանի տվյալներով` եթե սիրիական հակամարտության հետևանքով հալեպահայերի թիվը նվազել էր մինչև 10-13 հազար, ապա այսօր քաղաքում 4-5 հազար հայ է մնացել: «Ամեն օր արտագաղթ կա, ընդ որում` Բեյրութ հասնելը չափազանց վտանգավոր է: Ճանապարհին հարձակումներ են լինում, ահաբեկիչները սպանում ու թալանում են: Բեյրութից Հայաստան հասնելը չորս հոգանոց ընտանիքի համար 2500 դոլար է արժենում»,- ասաց Վազգեն Մեսրոպյանը: 

Խոսելով Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի մասին Վազգեն Մեսրոպյանն ասաց, որ Հայաստանում հաստատված 12 000 սիրիահայերի 80 տոկոսը գործազուրկ է: Մեծ մասը վարձով է ապրում` սպառման եզրին գտնվող խնայողությունների հաշվին. «Այսօրվա դրությամբ Հայաստանում 10-12 հազար ներգաղթած սիրիահայ կա, որոնց 80 տոկոսը գործազուրկ է: Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչով են զբաղվում սիրիահայերն այստեղ: Սրա լուծումը հարկավոր է գտնել Հայաստանում: Սիրիահայը ոչ մի անգամ օգնության կարիք չի ունեցել, բայց այսօր նա դրա կարիքը ունի: Մարդիկ կան՝ աշխատում են, մարդիկ կան՝ իրենց սեփական բիզնեսով են զբաղվում, բայց շատերն էլ օգնության կարիք ունեն: Սփյուռքի նախարարությունն իր աջակցությունն է ցուցաբերում նրանց, սակայն միայն Սփյուռքի նախարարությունը չի կարող այս խնդրին լուծում տալ: Մենք գոհ ենք, որ եկել ենք խաղաղ պայմաններում ենք ապրում: Մենք մեր հերթին ամեն ամիս բարերարներ ենք գտնում, որպեսզի օգնեն սիրիահայերին»,-նշեց ՍԴՀԿ վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
Մեսրոպյանը գտնում է, որ ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ գումարի սիրիահայերի համար. «Ես կցանկանայի, որ մի օր ԱԺ-ն արտահերթ նիստ գումարեր սիրիահայերի համար: Կցանկանայի, որ մեր պատգամավորները քննարկեն ու սիրիահայերի խնդրով մի խելացի բան ասեն գոնե` «կռիվներ» անելու փոխարեն: Փառք Աստծո, բոլորն էլ բիզնեսներ ունեն, թող այդ բիզնեսներից մի փոքր հատված հատկացնեն սիրիահայերին, մարդիկ աշխատեն: Օլիգարխները թող փոնդ բացեն սիրիահայերի համար, չեմ կարծում, որ դրանով կտուժեն: Մենք գիտեինք, թե արտաքին գործերի նախարարություն ունենք, բայց պարզվեց՝ չունենք: Մի անգամ մի բան չասաց սիրիահայերի խնդրի հետ կապված: Կառավարության ղեկավարը թող մի օր մի բան ասի: Միայն Սփյուռքի նախարարությունն է, որ փորձում է օգնել սիրիահայերին»,- նկատեց Վազգեն Մեսրոպյանը:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր