Կարող եմ հստակ ասել՝ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կադրային փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է ու դա պետք է անել վարչապետ ընտրվելուց հետո միայն, այնուամենայնիվ, համացանցում, մամուլի հրապարակումներում նշվում են հնարավոր փոխվարչապետի թեկնածուներ, որոնք նախկին կամ ներկա գործարարներ են:
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի թեկնածության հարցին, որի մասին մի քանի հրապարակումներ են եղել այն մասին, որ օլիգարխիան վերադառնում է իշխանության, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի: Իհարկե, պետք է խաղի կանոնները պարզ լինեն բոլորին, վենդետաներ չեն լինի»:
Հարցին, թե կլինե՞ն քննարկումներ, պարզաբանումներ, թե ու՞ր են գնացել հարկերը, ովքե՞ր չեն վճարել կամ խուսափել են հարկերի վճարումից, մայիսի 8-ից շարունակելու՞ են լինել մենաշնորհներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա: Ոչ, մենաշնորհներ չեն լինի, բայց քանի որ այս պահին ես վարչապետ չեմ, ես չեմ ուզում հայտարարություններ անել: Իմ վարչապետ ընտրվելու պահից՝ միանշանակ այո, կարող են մարդիկ ներմուծել ապրանքներ, ու նաեւ մենք հետեւողական կլինենք այդ ամենի իրագործմանը»: