Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 մայիս 2018 16:20

«Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան». Նիկոլ Փաշինյան

 «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան». Նիկոլ Փաշինյան
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ուղևորվել կառավարություն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:
Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը ողջունել է հայաստանյան գործընկերներին ու ևս մեկ անգամ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին: «Մենք մեծ ուշադրությամբ էինք հետևում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու և առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն: «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասին մտածում են միանման: Վարչապետը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և անդրադարձել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադաձություններին՝ ընդգծելով, որ թավշյա ոչ բռնի իշխանափոխությունը հանդիսանում էր մեր ժողովրդի կամքի դրսևորումը և չունի որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ:
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը շահագրգռված է գործադրել հնարավոր ջանքերը Վրաստանի հետ հարուստ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս այցի ընթացքում կողմերը կնախանշեն համագործակցության նոր հնարավորությունները և ուղղությունները՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների: «Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչը հարիր է երկու հարևան և եղբայրական պետություններին: Վստահ եմ, որ մեր հարաբերություններում շարունակելու ենք առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր միջև անլուծելի հարցեր չկան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համոզմունք են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առևտրաշրջանառության աճը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և կարևորել անվտանգության ու կայունության պահպանումը:
Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը: Նիկոլ Փաշինյանը Գիորգի Կվիրիկաշվիլիին հրավիրել է Հայաստան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր