Երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին. Քարդաշյանն իր այցով՝ Սպիտակ տուն, օգնել է ազատ արձակել Էլիս Մերի Ջոնսոնին

Թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոնսոնի գործը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ նրան ազատելու կոչով հանդես եկավ Քարդաշյանը, ով այդ հարցով հանդիպում ունեցավ Թրամփի հետ:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ «Ջոնսոնն ընդունել է իր պատասխանատվությունը նախկին պահվածքի համար և օրինակելի բանտարկյալ է եղել նախորդ երկու տասնամյակներում»: «Չնայած ցմահ ազատազրկման դատապարտվելուն՝ Էլիսը մեծ ջանքեր է գործադրել բանտում վերափոխվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ այդպիսով իրենք երկրորդ հնարավորություն են տալիս այն անձին, ով փորձում է լինել ավելի լավը:
Քարդաշյանն առաջիններից էր, որ արշավ էր սկսել Էլիսի ազատ արձակման հարցով՝ սոցցանցերում տեսանյութ տարածելով: Նա իր փաստաբանի հետ այցելել էր Սպիտակ տուն, կապ էր հաստատել նախագահ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ, ով նաև ԱՄՆ նախագահի փեսան է և ով հանդես է գալիս բանտային բարեփոխումների օգտին: Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը գրառում էր կատարել սոցցացներում՝ նշելով. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատավճիռների կայացման մասին»:
Էլիսին ազատ արձակելուց անմիջապես հետո Քարդաշյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Շատ երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին, Ջարեդ Քուշներին ու բոլորին, ովքեր կարեկցանք դրսևորեցին ու չխնայեցին թանկ ժամանակը Էլիս Մարի Ջոնսոնի այս կարևոր պահի համար: Նրան ներում շնորհելը ոգևորիչ է և հուսադրող շատերի համար, ովքեր արժանի են երկրորդ հնարավորության»: