Դարոն Աճեմօղլուն տեսակոնֆերանսում ցանկություն է հայտնել ցանկացած ձևաչափով Հայաստանի կառավարությանն աջակցել

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:
Դարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ: «Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգևորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Դարոն Աճեմօղլուն:
Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում:
Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ: