Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հուն 2018 13:29

Փոխնախարարը պաշտոն չունենալով՝ վարչապետի հետ մեկնել է Սոչի. պատվիրակության կազմում չի եղել

Փոխնախարարը պաշտոն չունենալով՝ վարչապետի հետ մեկնել է Սոչի. պատվիրակության կազմում չի եղելՆիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին աշխատանքային այցն արտերկիր կատարեց մայիսի 13-14-ին: Նա Սոչիում մասնակցեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: 17 հոգանոց պատվիրակության այս այցը պետբյուջեի վրա արժեցել է ընդամենը 836 հազար 400 դրամ: Պատվիրակության կազմին տրվել է միայն երկու օրվա օրապահիկի գումար՝ յուրաքանչյուրին 49 հազար 200 դրամ՝ կառավարության 2005 թվականի 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների համաձայն:
Մնացած ծախսերը, ըստ կառավարությունից ՀԺ-ին տրամադրած գրավոր պատասխանի՝ կատարվել են ընդունող կողմի հաշվին: Սակայն կառավարությունից չեն պատասխանել մեր կարեւոր հարցերից մեկին, թե որքա՞ն գումար է ծախսվել ինքնաթիռի սպասարկման եւ տեղափոխման համար:
«Ինքնաթիռի սպասարկման եւ տեղափոխման ծախսերը հնարավոր կլինի ներկայացնել հետագայում՝ սպասարկումն իրականացրած «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման հիման վրա»,- ասված է ՀԺ-ի գրավոր հարցումին ի պատասխան:
Հետաքրքրվել էինք նաեւ, թե ովքեր են եղել պատվիրակության կազմում: Պատասխանում նշված է, որ պատվիրակությունում եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), ԱԳ նախարարի խորհրդական Արմեն Ղեւոնդյանը, ԱԳՆ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալության առաջին քարտուղար՝ Մարատ Մելիքյանը, նույն ծառայության ղեկավարի տեղակալ Արման Աղաջանյանը, կառավարության լրատվականի աշխատակիցներ Տիգրան Մեհրաբյանը, Կարեն Ազատյանը, Արմեն Խաչատրյանը, Արմեն Շահինյանը եւ Պետական ծառայության աշխատակիցներ Գեւորգ Մովսեսյանը, Արթուր Գասպարյանը, Կարեն Սիմոնյանը, Արտակ Հակոբյանը, Գոռ Թումասյանը, ինչպես նաեւ տարբեր լրատվամիջոցների 9 աշխատակից: Կառավարությունը հոգացել է միայն լրագրողների տեղափոխման հարցը:
Նշենք, որ պատվիրակության կազմում է եղել ՀՀ արտաքին գործերի ներկայիս փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը: Ուշագրավն այն է, որ Ռուբինյանն այդ օրերին որեւէ պաշտոն չի ունեցել եւ անհասկանալի է, թե նա ինչու էր մեկնել այս պատվիրակության հետ:

Նրա անունը չկա անգամ կառավարության կայքում տվյալ այցի պատվիրակության կազմի հաստատված ցանկում: Ռուբինյանը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, քանի որ այդ օրերին նրա անունն էր շրջանառվում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնի համար: Նրա այնտեղ գտնվելը բացատրվում էր ապագա խոսնակի կարգավիճակով: Սակայն Ռուբինյանի անվան բացակայությունը պատվիրակության ցանկից տպավորություն է ստեղծում, որ նրա այցը զբոսաշրջիկի մակարդակի է եղել:


Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Ռուբինյանից: Մեր հարցին, թե ինչո՞ւ է մեկնել Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Ես այնտեղ եղել եմ որպես վարչապետի օգնական»:
Դիտարկմանը, որ նրա անունը չկա պատվիրակության հաստատված կազմում, Ռուբինյանն ասաց. «Որոշման մեջ, թե ինչու չեմ եղել, դա պետք է աշխատակազմից ճշտեք»:
Հարցին՝ վարչապետը ե՞րբ է իրեն օգնական նշանակելու հրաման ստորագրել, քանի որ e-gov.am կայքի որոշումներ բաժում նման հրաման չկա, փոխնախարարը պատասխանեց. «Այդ բաներին ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, թղթաբանական մանրամասներից տեղյակ չեմ»:
Այս պահի դրությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, ունի երկու օգնական՝ Արեն Մկրտչյանն ու Նաիրի Սարգսյանը: Ռուբեն Ռուբինյանն էլ մայիսի 30-ին է նշանակվել ԱԳ փոխնախարար՝ Սոչի կատարած այցից ուղիղ 15 օր հետո:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր