Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք. ՀՅԴ

Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։
Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարևորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը և ներհասարակական համերաշխությունը։
Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների և, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որևէ դրսևորման բացառում։
Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ և որևէ հարցի հետապնդման ձև չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։
Այս համատեքստում ենք դիտարկում նաև 2008 թ. մարտի 1-ի և նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։
Այս առումով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
27 Հուլիս, 2018 թ.
Երևան