Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուլ 2018 21:00

15-ամյա տղան հոր «Օպել»-ով դաժան վթարի է ենթարկվել, մահացել է 15-ամյա ընկերը

15-ամյա տղան հոր «Օպել»-ով դաժան վթարի է ենթարկվել, մահացել է 15-ամյա ընկերըՎերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Ղոչոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Միսակյանի նախագահությամբ:
49-ամյա Արթուր Ղոչոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածով այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Օպել Աստրա» մեքենայի սեփականատեր, 2017 թվականի հուլիսի 2-ին որդու՝ Վասիլի հետ հեռախոսային խոսակցությունից իմացել է, որ վերջինս հիշյալ մեքենայով գնացել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ակումբ:
Արթուր Ղոչոյանը պահանջել է, որ որդին նույն մեքենայով ակումբից վերադառնա տուն, այսինքն՝ Արթուր Ղոչոյանը գիտակցաբար մեքենան հանձնել է 16 տարին չբոլորած՝ 2001 թվականի հոկտեմբերի 31-ին ծնված որդուն, ինչի արդյունքում առաջացել են ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հետևանքները:
Վասիլ Ղոչոյանը նույն օրը, ժամը 12-ն անց 25-ի սահմաններում վարելով հոր մեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղով դեպի Գյումրի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ մեքենան սահմանված 40 կմ/ժ արագության փոխարեն վարել է այն երեք անգամ գերազանցող՝ 120 կմ/ժ արագությամբ, չի կարողացել ապահովել մեքենայի լիարժեք կառավարումը:
Արդյունքում Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղու 20 հասցեի դիմացի հատվածում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ճանապարհի աջ մայթին առկա մետաղե էլեկտրասյանը ու դրա հարևանությամբ գտնվող բետոնե պատնեշին:
Բացի վարորդի տեղում նստած Վասիլից, մեքենայի մեջ են եղել վերջինիս երկու ընկերները՝ նույն տարիքի: Երեք անչափահասներն էլ վնասվածքներ են ստացել, տեղափոխվել հիվանդանոց: Վարորդի կողքի նստատեղին նստած 15-ամյա Ազատ Գ.-ն գիտակցության չգալով՝ մահացել է…
Անզգույշ հանցագործություն կատարած 15-ամյա տղայի հայրն է հայտնվել ամբաստանյալի աթոռին՝ մեքենան գիտակցաբար անչափահաս տղային հանձնելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար:
Արթուր Ղոչոյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Դատական ակտից պարզ չէ՝ դատարանը հաշվի առե՞լ է վթարի արդյունքում մահացած տղայի իրավահաջորդի, ինչպես նաև վերջինիս ներկայացուցչի ու մեղադրող դատախազի կարծիքները: Ելնելով գործի հետագա ընթացքից՝ վերը թվարկվածների կարծիքը այլ է եղել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ընդհանուր իրավասության դատարանում նույնիսկ միջնորդել է գործի քննության արագացված կարգ չկիրառել, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանի այդ որոշումը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում, բայց վերաքննիչ դատարանն այդ բողոքը քննության չի առել՝ վերաքննության կարգով այն բողոքարկման ենթակա չլինելու հիմքով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Ղոչոյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ վերջինս վատառողջ է, 3-րդ խմբի հաշմանդամ, նրա խնամքին են 2 անչափահաս երեխաները:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից ներկայացված քաղհայցի պահանջը՝ 5 միլիոն 450 հազար դրամի չափով, դատարանը բավարարել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով՝ «քանի որ ամբաստանյալը դատարանում հայտնեց, որ ընդունում է քաղաքացիական հայցը այդ չափով»: Հայցի մնացած մասը դատարանի կողմից թողնվել է առանց քննության:
Արթուր Ղոչոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածով և դատապարտվել է 1 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ազատազրկման ձևով պատիժը դատարանը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի փորձաշրջան:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու մեղադրող դատախազը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել է դատավճիռն ամբողջությամբ բեկանել, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Մեղադրող դատախազը պահանջել է պատժի մասով բեկանել դատավճիռը, Արթուր Ղոչոյանի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը ճանաչել անթույլատրելի, նրան դատապարտել իրական ազատազրկման՝ սահմանելով արարքին համաչափ պատիժ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր