Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

31 հուլ 2018 14:57

Արցախի ՀԿ-ների հայտարարությունը՝ Բաղիրովի հուշաքարի վերականգնման շուրջ

Արցախի ՀԿ-ների հայտարարությունը՝ Բաղիրովի հուշաքարի վերականգնման շուրջՎերջին օրերս Արցախյան հանրության շրջանում խոր հիասթափություն և անհանգստություն է առաջացրել Ակնայում (նախկինում՝ Աղդամ) Ադրբեջանի ազգային հերոս, Աղդամի գրոհայինների գումարտակի առաջին հրամանատար Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի վերականգնումը մեր որոշ հայրենակիցների կողմից:

90-ականների սկզբներին՝ Արցախյան ազատամարտի շրջանում, Աղդամն ադրբեջանական բանակի հզոր ռազմական հենակետերից մեկն էր, որտեղից զոր ու գիշեր հրետակոծվում էին ինչպես մերձակա հայկական գյուղերը, նույնպես և մայրաքաղաք Ստեփանակերտը։
Գրեթե անդադար էին այդտեղից իրականացվող ելուզակային հարձակումները հայկական բնակավայրերի վրա, այդ թվում՝ անձամբ Ալլահվերդի Բաղիրովի և նրա գլխավորած գումարտակի անմիջական մասնակցությամբ։ Արցախահայության ցեղասպանությանն ուղղված այդ բարբարոսական գործողությունների հետևանքով հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ են զոհվել՝ երեխաներ, կանայք ու ծերունիներ։
Ի վերջո, Արցախի Ինքնապաշտպանության ուժերին 1993թ. հուլիսի-22-23-ին հաջողվեց փայլուն ռազմագործողության արդյունքում՝ հայ քաջորդիների արյան ու կյանքի գնով իսպառ չեզոքացնել թշնամու ՙգայլաորջ՚ դարձած այդ հենակետը։

Եվ հիմա մեր ինչ-ինչ հայրենակիցներ, այսպես կոչված, ՙմարդասիրական մղումներից դրդված՚ փորձում են վերականգնել հայ բնակչության սպանդի կազմակերպիչ դահիճներից մեկի հուշաքարը։
Մենք՝ Արցախի Հանրապետության հասարակական կառույցները, խստիվ դատապարտում ենք այդ հակազգային քայլը՝ որակելով այն որպես հայ ժողովրդի ազգային ինքնասիրությունը, պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, Հող հայրենիի ազատագրությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոս նահատակների հիշատակի անարգմանն ուղղված իրողություն։
Ադրբեջանում առայսօր պետական և հասարակական մակարդակներով շարունակվում է հայատյաց քաղաքականությունը։ Պղծվում, ջարդվում, ոչնչացվում են հայկական շիրմաքարերը և պատմամշակութային հուշարձանները: Ի տարբերության՝ Արցախում պետական ու հանրային հոգածության տակ են գտնվում մահմեդական հոգևոր նյութական արժեքները, այդ թվում՝ Շուշիում և Ակնայում առ այսօր մնայուն մզկիթները, որոնց տարածքում կանգուն են ադրբեջանական գերեզմանաքարերը, աշխատանքներ են տարվում, մասնավորապես, Շուշիի պարսկական մզկիթի վերականգնման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, մենք միանգամայն օրինաչափ ու տրամաբանական ենք համարում, որ մեր մի խումբ հայրենասեր երիտասարդներ, որոնցից շատերի հարազատները նահատակվել են Ազատամարտում, ի պատասխան ջարդել են այդ տխրահռչակ հուշաքարը: Անկասկած, նրանց այդ վարմունքը զուտ արժանապատվության և ինքնասիրության արտահայտություն էր։ Եթե հարևան երկրում չկա հայ ժողովրդի նկատմամբ հանդուրժողականության որևէ նշույլ, ապա ինչ խոսք կարող է լինել մեր կողմից նույն այդ հանդուրժողականության դրսևորման մասին:
«Հայկի Սերունդ» ՀԿ
ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ
«Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն Արցախ» ՀԿ
«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ
«Առաջ Արցախ» ՀԿ
«Միացյալ Արցախ» ՀԿ
«Հանուն Հայրենիքի» ՀԿ
«Իրազեկ սերունդ» ՀԿ
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
ք. Ստեփանակերտ
31.07.2018


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր