«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

07 օգոս 2018 10:19

Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է սահմանը, որից հետնահանջ չկա

Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է սահմանը, որից հետնահանջ չկաՕգոստոսի 17-ի հանրահավաքը կարծես թե դառնում է որոշակի ջրբաժան եւ հեղափոխության նոր փուլի մեկնարկը: Ֆորմալ այն նվիրված է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան, սակայն Հայաստանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների ֆոնին հանրահավաքը դառնում է ավելին, քան պարզ հաշվետվությունը:
Հայաստանում այս ընթացքում տեղի ունեցան կոռուպցիոն աղմկոտ սխեմաների բացահայտումներ, հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր: Ինչպես խոստովանում են իրավապահները, նրանք արդեն ուժասպառ են լինում գործերի առատությունից:

Նոր ընթացք ստացավ մարտի 1-ի գործը: Մեղադրանքներ առաջադրվեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաեւ Քոչարյանի աջ ձեռքը համարվող Արմեն Գեւորգյանին:
Այս իրադարձությունները, մեկնաբանների գնահատմամբ, մոբիլիզացրել են «հակահեղափոխությունը» կամ հին համակարգը, որը պատրաստվում է դիմադրության: Նոր կառավարության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ տեղի է ունենում սելեկտիվ արդարադատություն եւ սելեկտիվ կոռուպցիոն բացահայտումներ:
Արտաքին քաղաքականության ասպարեզում առաջացել են որոշակի խնդիրներ: Հայաստանի նոր կառավարությունը փորձում է փոխել այդ հարաբերությունների որակը եւ բովանդակությունը, պահանջներ ներկայացնելով արտաքին գործընկերներին: Ամերիկյան, եվրոպական ու հատկապես ռուսական ուղղություններով տեղի ունեցան փոխադարձ «կշտամբանքներ»:
Իր հերթին, բնական է, որ Հայաստանի արտաքին գործընկերները փորձում են նոր իրավիճակում ազդեցություն ունենալ Հայաստանի նոր քաղաքականության վրա:
Միեւնույն ժամանակ, հայ-ռուսական տիրույթում մի քանի միջադեպերը որոշակի անհանգստություն են առաջացրել Հայաստանում, հանրային տարբեր շրջանակներում ու տարբեր մոտիվացիաներով:
Ներքին ու արտաքին այս մարտահրավերներն ավելի են մեծացնում օգոստոսի 17-ի հանրահավաքի «ինտրիգը»: Ներկայում հանրային ու քաղաքական տարբեր խմբեր կոչ են անում բոլորին մասնակցել հանրահավաքին, որը պատասխան է լինելու այդ մարտահրավերներին՝ պաշտպանելու հեղափոխությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը:
Միեւնույն ժամանակ, շատերն արդարացիորեն նշում են, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որ հեղափոխությունը չի ավարտվել, ավելին, դրա շատ քիչ մասն է իրականացվել: Բացի այդ, նշվում է, որ կառավարության քաղաքականության մեջ բացակայում են ծրագրային մոտեցումները խնդիրներին, որի պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարն ու Սահմանադրական կարգի հաստատումը կարող են վտանգվել:
Թվում է՝ «հակահեղափոխությունն» ավելի շատ այստեղ է, քան հին համակարգի ու նրա արտաքին հովանավորների գործողություններում, որոնք կարող են հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե հեղափոխությունը չգնա փոփոխությունների ինստիտուցիոնալացման ճանապարհով: Դա իհարկե բարդ ու երկարատեւ աշխատանք է, եւ հանրությունը պետք է կարողանա նոր իշխանությանը «հարկադրել» համակարգային փոփոխություններին:
Ինքը Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է սահմանը, որից հետնահանջ չկա: Օգոստոսի 17-ի հանրահավաքն այդ առումով ջրբաժան է, թե ինչ ճանապարհով է գնալու հեղափոխությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր