Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՔԾ պետ

«Հովիկ Աբրահամյանի եղբայրն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի, նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ»,- ասաց Սասուն Խաչատրյանը։
Պատասխանելով հարցին, թե մարտի 1-2-ի դեպքերի հետ ինչ կապ կարող է ունենալ Հովիկ Աբրահամյանի առանձնատնից ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զենքը՝ ՀՔԾ պետն ասաց․ «Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, բազմիցս խոսվել է այդ մասին, որ մարտի 1-ին կանոնավոր բանակից բացի եղել են նաև զինված խմբեր, հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»։
«Սերժ Սարգսյանը որևէ կերպ ներգրավվե՞լու է մարտի 1-ի գործով» հարցի առնչությամբ էլ Սասուն Խաչատրյանը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ «Նախաքննությունն է որոշելու՝ ելնելով գործի շահերից»,-ավելացրեց նա։
Սեյրան Օհանյանին, ով 2008-ի մարտի 1-ի օրերին եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ևս մեղադրանք չի առաջադրվել։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներգրավվածության մասին տեղեկություններին, պաշտոնյան չցանկացավ մեկնաբանել։
«Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ ես չեմ ցանկանում խոսել այդ վարկածների մասին»,-հավելեց ՀՔԾ պետը։