13:05 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ         13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա      12:40 - Առեղծվածային հիվանդության պատճառով տղամարդու դեմքը երեք անգամ մեծացել է    

30 օգոս 2018 12:19

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարից ապօրինի հանածո է արդյունահանել. քրեական գործ է հարուցվել

«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարից ապօրինի հանածո է արդյունահանել. քրեական գործ է հարուցվելՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
 
Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:
 
Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, առանց ըդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2  հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն դրամի վնաս:
 
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:
 
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
 
Ծանուցում.   ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
      ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր