15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել         14:46 - Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով      14:25 - Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները    

01 սեպ 2018 14:46

Մոսկվան Քոչարյանի կամ որևէ մեկի վրա խաղադրույք կա՞նի

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ տեղի ունեցած սկանդալից հետո հայ-ռուսական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի. «Հարցն իսկապես կարևոր էր, բայց կարծում եմ, որ Մոսկվայում կա այն ըմբռնումը, որ այդ ամենը հայ-ռուսական հարաբերությունների հետ որևէ առնչություն չունի, և զուտ Հայաստանի ներքին խնդիրն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Լուկյանովն ընդգծում է՝ միջադեպը Մոսկվային նյարդայնացրել է, որովհետև որոշ քայլեր շատ ավելի լուրջ հետևանքներ են ունենում, քան կուզեին Հայաստանի ղեկավարները. «Բայց թե որքանով է դա ազդեցություն ունենալու՝ առայժմ հայտնի չէ։ Չգիտեմ, թե ինչ դիսկուրս կգնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված, բայց քանի որ այսպիսի միջադեպ գրանցվեց՝ գուցե ավելի զգուշավոր հարաբերություններ լինեն, այդքանը։ Այն, ինչ տեղի ունեցավ, ազդեց ոչ այնքան հայ-ռուսական հարաբերությունների, որքան ՀԱՊԿ-ի իմիջի վրա, իսկ դա, իհարկե, Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին այնքան էլ հաճելի չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ռուսաստանցի քաղաքագետը կարծում է՝ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները Մոսկվայի խնդիրը չեն. «Դրանք բոլորովին չեն վերաբերում Ռուսաստանին, բայց քանի որ այդ ներքին հարցը վերաբերեց միջազգային մի կառույցի, որտեղ Ռուսաստանն առաջատար գործընկեր է՝ դա հետաքրքրեց։ Ընդ որում, երբ Հայաստանում այդ խնդիրն առաջ քաշեցին՝ չէին հաշվարկել, որ այդ քայլը կունենա արտաքին քաղաքական հետք ու փոփոխություն։ Բնական է, որ այդ քայլը նյարդայնացրեց, որովհետև ցուցաբերվեց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Հարցը Խաչատուրովն ու Քոչարյանը չեն, պետք է պարզապես հաշվի առնել, որ կան հարցեր, որոնք չեն սահմանափակվում ներքին խնդիրներով, դրանք նաև արտաքին հետք են ստանում և ունենում համապատասխան հետևանքներ»,- ասաց Լուկյանովը։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն ու պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մեր հարցին՝ կստանա՞ նա արդյոք Մոսկվայի կամ որոշ շրջանակների աջակցությունն իր ապագա քաղաքական ծրագրերում, Ֆյոդոր Լուկյանովը պատասխանեց. «Ես դա մեկնաբանել չեմ կարող, բայց ունեմ այսպիսի տպավորություն. հարևան երկրներում, ոչ միայն Հայաստանում, տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո Մոսկվան եկել է այն հետևության, որ այլ երկրների ներքին գործընթացներին միջամտելը անիմաստ է։ Ոչ մի լավ բան չի լինում, միայն վատը։ Ուստի այն միտքը, թե Մոսկվան ինչ-որ մեկի, Քոչարյանի կամ ուրիշի վրա խաղադրույք կանի՝անցյալում է։ Հայաստանի պարագայում Մոսկվայի համար կարևոր է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն ունենա իրականության զգացողություն»։
Լուկյանովը շարունակում է. «Պարոն Փաշինյանը այդ իրականությունը հասկանում է և գործում է շատ զգույշ ու գրագետ, հեղափոխության այլ մասնակիցներ այդ իրականությունն ավելի վատ են պատկերացնում։ Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակում, որ մանևրելու մեծ հնարավորություն չունի անվտանգության կամ այլ հարցերում։ Ուստի Ռուսաստանի համար միևնույն է, թե ով կլինի ղեկավարը, եթե այդ ղեկավարը ադեկվատ է ընկալում շրջապատող աշխարհը»։
Մեր զրուցակիցը եզրափակում է. «Ես միայն կարող եմ դատել այն փաստից, որ պարոն Փաշինյանը մի քանի հանդիպում ունեցավ Մոսկվայում, հիմնական հարցերը քննարկվել են ու հստակեցվել , նա հասկանում է Հայաստանի բոլոր յուրահատկությունները։ Իսկ մյուս անհատների մասին, որոնք, ըստ էության, լավ պատկերացում չունեն, ես դատում եմ՝ Խաչատուրովի պատմությունից ելնելով։ Եթե նրանք իրականությունը լավ ընկալեին, ապա գոնե կմտածեին՝ պե՞տք է անել այս կամ այն քայլը այն մարդու նկատմամբ, ով այդպիսի պաշտոն է զբաղեցնում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր