Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

03 սեպ 2018 11:27

Կրեմլը հասկացնում է, որ Քոչարյանն իր պաշտպանության տակ է, բայց դա չպետք է վախեցնի Հայաստանի իշխանություններին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

- Պարո՛ն Սաֆարյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ է նա փորձում սրանով անել:
- Քոչարյանը շարունակում է քաղաքական երանգ հաղորդել իր բացառիկ քրեական գործին: Նա ուղղակի փորձում է ապացույցներ ստեղծել, թե ինքն իսկապես քաղաքականություն վերադառնալու մտադրություն ունի, և դրա համար են իրեն «հետապնդում»: Իրականության մեջ, քանի որ նրա գործն իրավական հարթության վրա հաղթելու շանս չունի, բնականաբար, նա փորձում է քաղաքականացնել իր գործը, փորձում է հույսեր կապել իր հետ, թեև արդյունքները մխիթարող չեն, քանի որ ոչ մի քաղաքական ուժ բացահայտ չողջունեց նրա՝ վերադառնալու մտադրությունը, որևէ մեկը հիացական ճիչեր չարտահայտեց: Նրանք, ովքեր կարող են համախոհ լինել Քոչարյանին, լավագույն դեպքում չբացառեցին համագործակցությունը, բայց չեմ կարծում, թե գործողությունների դաշտում այդպիսի շռայլություն ու ազատություն թույլ կտան իրենց, որովհետև Քոչարյանին սատարել նշանակում է ուղղակի խաչ քաշել սեփական քաղաքական հեռանկարի վրա ընդհանրապես:
Քոչարյանը փորձում է հույսեր ստեղծել, թե իր վերադարձին սպասողներ կան, թեպետ անգամ հարցազրույցում նկատելի էր նրա սրտնեղվածությունը, թե ժողովուրդը գնահատում է հոգատար մարդկանց կերպարը, քան արդյունքներ ապահովող: Այսինքն՝ ինքն էլ է գիտակցում, որ իր պահանջը հասարակությունը չունի:

- Նա ասաց, որ կարող է ընդդիմադիր բևեռ դառնալ: Հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական ուժերի՝ Քոչարյանի շուրջը համախմբումը:
- Եթե հիշում եք, օրեր շարունակ Քոչարյանի գրասենյակը չէր հրապարակում այն պատգամավորների ցուցակը, որոնք երաշխավորում էին նրա խափանման միջոցի փոփոխումը: Պատճառը թերևս այն ժամանակ էլ շատ հասկանալի էր. Քոչարյանը վերին աստիճանի անակնկալի էր եկել, որ իրեն սատարում են նրանք, որոնց սատարման հետ ինքը մեծ հույսեր չէր կարող փայփայել: Բայց, միաժամանակ, նրան չէին սատարել այն քաղաքական ուժերը, որոնք իր հաշվարկներում պետք է իր վերադարձի թիվ մեկ պատվիրատուները լինեին: Խոսքն առաջին հերթին ԲՀԿ-ի մասին է, մասամբ էլ՝ ՀՅԴ-ի: Այս կտրվածքով պատահական չէր, որ նրանք օրեր էին ձգում՝ հասկանալու համար, թե արդյոք այս գործիչները կմիանա՞ն այս ստորագրահավաքին: Դա տեղի չունեցավ, այժմ հարցազրույցում նա ամոթից պարզապես թվարկում է նրանց անունները, բայց երբ լրագրողն ակնարկում է, որ քաղաքական ուժերը խանդավառված չեն իր վերադարձով, ասում է, որ այս ամիսների ընթացքում շատ բաներ կարող են փոխվել: Քոչարյանը հույս ունի, որ ինքն ինչ-որ ֆորս մաժոր կարող է ստեղծել, որը Գագիկ Ծառուկյանին ու մյուսներին կստիպի ավելի բացահայտ սատարել իր վերադարձը: Այս կապակցությամբ Քոչարյանը փակուղու մեջ է:
Մի փաստի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել՝ նրա տապալված ասուլիսը: Դա, պարզվում է, վերին աստիճանի գերկարևոր էր Քոչարյանի համար: Շատերը կարծում են, թե Քոչարյանը շահեց ասուլիսի տապալումից, բայց իրականության մեջ այլ բան էր: Պետք էր ապացուցել, որ Քոչարյանն ամենուր կա, ԶԼՄ-ները կլուսաբանեին, իսկ յուրայիններն ավելի լավ կլուսաբանեին նրա վերադարձը: Եվ ահա այդ համատեքստում Քոչարյանի վերադարձը հոգում փայփայողներն ազատության շանս կստանային, որ ամենակարող Քոչարյանը կրկին վերադարձել է, մամուլի ուշադրության կենտրոնում է: Պարզվեց՝ տապալվել է շատ մեծ ծրագիր, և դրա համար էր նա այդքան տխրել ու ագրեսիվ դարձել:
Արդյունքը շատ խղճուկ էր՝ «Երկիր մեդիայով» հարցազրույց, որն արժանացավ համազգային ծաղրի ու հեգնանքի: Սա ցույց տվեց, որ Քոչարյանն ամենևին ամենակարող չէ, ինչպես մտածել են, այդ միֆը ջարդվեց, նա լրատվամիջոցներում տեղ չունի, բացառությամբ մի երկուսի: Սա ցույց տվեց, որ նա պաշտպաններ չունի, նրա ասուլիսի տապալման դեմ, ըստ էության, ազդեցիկ բողոք չեղավ, շատ խղճուկ, նեղացած ու խռոված էին:

- Մենք կարո՞ղ ենք ասել, որ այսօր ռուսական կողմն անուղղակիորեն աջակցում է Քոչարյանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորեց նրա ծննդյան օրը: Ի՞նչ է սա նշանակում:
- Այո՛, կարող ենք ասել՝ աջակցում են: Պուտինը փորձում է Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ ինքը շատ ջերմ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, ինչպես որ «ջերմ» բառը հարկ էր համարել տեղադրել տարածված ժլատ հաղորդագրության մեջ: Սա նշանակում է, որ Կրեմլը հասկացնում է, որ Քոչարյանն իր պաշտպանության տակ է: Բայց սա, ես կարծում եմ, չպետք է վախեցնի Հայաստանի իշխանություններին: Հայաստանի իշխանությունները մեկ բանի համար պետք է մտահոգվեն՝ ինչպե՛ս Քոչարյանին հանել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առանցքից: Ա՛յ դա իսկապես մեր պետականության համար վտանգավոր բան է:

medialab.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր