Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը

«Ազատություն».-Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման:
Մնացական Սաֆարյան.-Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո:
«Ազատություն».-Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա:
Սաֆարյան.-Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ:
«Ազատություն».-Իսկ կարող է դառնալ, կարող է՝ ոչ, ինչի՞ց է կախված:
Սաֆարյան.-Ասացի, այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել:
«Ազատություն».-Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության:
Սաֆարյան.-Այո:
«Ազատություն».-Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը:
Սաֆարյան.-Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել:
«Ազատություն».-Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը:
Սաֆարյան.-Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները:
«Ազատություն».-Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն:
Սաֆարյան.-Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի:
«Ազատություն».-Իսկ ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկները Երևանը ե՞րբ է ստացել:
Սաֆարյան.-Ես դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, որոշ ժամանակ առաջ, բայց էլի են առաջարկներ եղել:
«Ազատություն».-Ո՞ր կողմերից:
Սաֆարյան.-Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել:
«Ազատություն».-Իսկ այդ առաջարկները, որ Երևանն ու Բաքուն ստանում են տարբեր կողմերից, բացի այսօրվա հանդիպումը, այլ ձևաչափով քննարկե՞լ են, քանի որ ոչ դեմ առ դեմ շփումներ կարծես թե լինում են:
Սաֆարյան.-Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ:
«Ազատություն».-Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է:
Սաֆարյան.-Ես չէի ուզի այդ մասին խոսել:
«Ազատություն».-Հայաստանի ակնկալիքն այսօրվա բանակցություններից ո՞րն է:
Սաֆարյան.-Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը:
«Ազատություն».-Հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի՞ իր նախապայմաններից:
Սաֆարյան.-Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է:
«Ազատություն».-Պարոն Սաֆարյան, հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի՞:
Սաֆարյան.-Բանակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում:
Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։