Բռնել են, վերցրել են, չեն տալիս Քոչարյանի անձնագրերը.Օրինական ճանապարհներն էլ են փակել
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն օրենքի խախտում է որակում ՀՔԾ-ի կողմից ՀՀ երկրորդ նախագահի անձնագրերը չվերադարձնելը:
«Սահմանադրական դատարանն ունի որոշում, ըստ որի՝ նման պայմաններում իրավունք չունեն անձնագիրը պահել իրենց մոտ: Ապավինում են կամայականությանը։ Բռնել են, վերցրել են, չեն տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Ալումյանը:
Նա նաեւ հավելել է, որ Քոչարյանը, բնականաբար, պետք է միայն օրինական ճանապարհներով փորձի վերադարձնել անձնագիրը. «Օրինական ճանապարհներն էլ, ոնց որ թե, փակել են։ Մենք հիմա քննարկում ենք, թե այս կամայականությունների դեմ պայքարին ինչ ընթացք տանք»։
Լրագրողի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը պահանջե՞լ է ու չեն վերադարձրել, պաշտոնական մերժում կա՞, փաստաբանը պատասխանել է. «Այո՛, ես ունեմ պաշտոնական մերժում»։
Թե ինչպե՞ս է հիմնավորվել մերժումը, Ալումյանը չի պարզաբանել: «Այս պահին ձեռքիս տակ չի փաստաթուղթը։ Ամեն դեպքում՝ օրինական չի մերժումը, եւ մենք մտածում ենք՝ ինչ ճանապարհով այս կամայականությունների դեմ կպայքարենք։ Ճանապարհներից մեկը, որը չի բացառում նաեւ այլ տարբերակները, այս փուլում Եվրոպական դատարան դիմելն է։ Բայց դա չի բացառում նաեւ այլ տարբերակները զուգահեռաբար օգտագործելը»,- նշել է փաստաբանը: