Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

11 սեպ 2018 19:17

Ո՞վ է գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ պետերին

«Յութուբ»-ում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը:
Տարածված ձայնագրությունն իրական է, այսինքն՝ նման հեռախոսազրույց կամ հեռախոսազրույցներ եղել են, ինչն արդեն հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սկանդալային պատմության հիմնական ֆիգուրանտների մակարդակով։
Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, Մարտի 1-ի գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգների, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:
Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը Վանեցյանին պատմում է, թե ինչպես է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեսել է Միքայել Հարությունյանի հրամանը:
«Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս: Վոբշեմ, էդ կփակի»,- ասում է Վանեցյանը: Ըստ ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ Յուրի Խաչատուրովին էլ են կանչում, «որպեսզի փակեն»:
«Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, պրծնի»,- ասում է Վանեցյանը:
Հրապարակված ձայնագրության համաձայն՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում կանի՝ բոլոր հարցերին պատասխանելով:
Արթուր Վանեցյանը, ըստ այս հրապարակված ձայնագրության, ևս մեկ անգամ հորդորում է Յուրի Խաչատուրովի հարցին ուշադիր լինել. «Ախպեր, խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները…»: «Ինքը իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր: Այդ ժամանակ մենակ նախագահն ուներ նման հրաման ստորագրել»,-ասում է Սասուն Խաչատրյանը:
Համացանցում հրապարակված ձայնագրությանն անմիջապես արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանդես գալով ֆեյսբուքյան տեսաուղերձով։
«Քանի որ այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն` այդ հայտնի օրերին, դրանից առաջ ու հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, և հիմա ինչ է տեղի ունենում Հայաստանում, ես այդ կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ: Բայց այս պահին, ձեր թույլտվությամբ, մանրամասներին դեռևս չեմ անդրադառնա:

Այդ պարզաբանումներին մենք դեռ կանդրադառնանք, թե ինչ ասաց ԱԱԾ տնօրենը, ինչ ասած ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչն ինչպես պետք է մեկնաբանել, ինչն ինչու է հնչում, և ոնցը ոնց եղավ, որ այդպես է հնչում, այլ ոչ թե այլ կերպ: Բայց ես ուզում եմ ուրիշ բան ասել. եկեք հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ըստ էության, տեղի է ունեցել հետևյալը, սա, իմ գնահատմամբ, չնայած իրավաբաններն ավելի ճիշտ կասեն, իմ գնահատմամբ՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ինչ նպատակով: Արդյոք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացրել: Եվ ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ինչն է այս ամենի քաղաքական նպատակը. ես դեռևս օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով՝ Մարտի 1-ը բացահայտված է և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջև»:
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ակնարկեց, որ գաղտնալսումների հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները, որոնք համոզված են, որ եկել է հատուցման պահը։ Շատ հնարավոր վարկած է, մանավանդ՝ Հայաստանում գաղտնալսումներ կարող են անել ոչ միայն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, այլ նաև քրեաօլիգարխիկ համակարգի մի քանի շերտեր, որոնք անցած տարիների ընթացքում կարողացել են տիրապետել համապատասխան ռեսուրսների։
Առաջին սկզբունքային հարցն այն է, թե երկրում ո՞վ կարող էր գաղտնալսել ԱԱԾ պետին։ Արդյո՞ք մենք գործ ունենք պետական համակարգում տիրող բացարձակ ամենաթողության հետ, երբ երկրի առաջին դեմքը, պատկան մարմինների ղեկավարները չեն տիրապետում իրավիճակին ու գործ ունենք բացահայտ սաբոտաժի հետ։ Թե՞ գործ ունենք արտաքին կոշտ միջամտության հետ, այսինքն՝ մեր երկրի առաջին դեմքերին օտար երկրների հատուկ ծառայությունները կարող են անարգել ձայնագրել, հետո այդ ձայնագրությունները հրապարակայնացնել կամ, որպես շանտաժ, օգտագործել Հայաստանի կառավարության կամ նրա ներկայացուցիչների հետ։ Ինչպե՞ս կարող են Հայաստանի շարքային քաղաքացիներն անհոգ լինել իրենց անվտանգության համար, եթե երկրի անվտանգության հիմնական պատասխանատուներից մեկը՝ ԱԱԾ պետը, ինքն է անպաշտպան՝ գոնե այն առումով, որ անձեռնմխելի չէ նրա հեռախոսային զրույցների գաղտնիությունը։

Քրեաօլիգարխիան է սպառնո՞ւմ մեր երկրի անվտանգությանը, արտաքին ուժե՞րը, այն հանգամա՞նքը, որ ԱԱԾ-ն իր բուն գործառույթների փոխարեն հաճախ զբաղված է «մասկի շոուներով», թե՞ բոլոր գործոնները միասին վերցրած։ Հարուցվել է քրեական գործ, որը հուսանք՝ կտա այս հարցերի պատասխանները։
Ակնհայտ է, որ այս գաղտնալսման հրապարակայնացումն ուղղված է նոր կառավարության վարկաբեկմանը ու Մարտի 1-ի գործով քննության ապալեգիտիմացմանը։ Մենք միշտ նշում էինք, որ Մարտի 1-ի բացահայտումը ջարդելու է հակահեղափոխության ողնաշարը, սակայն այնպես ստացվեց, որ այս գաղտնալսումն է հավակնում կոտրել գործի բացահայտման ողնաշարը։

Ո՞ւմ է դա ձեռնտու։ Իհարկե՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու բոլոր այն ներքին ու արտաքին խաղացողներին, ովքեր կարող են մտահոգություններ ունենալ Մարտի 1-ի գործով։ Սակայն արդյո՞ք իշխանությունից զրկված այս անձինք կարող էին նման գաղտնալսում կազմակերպել։ Տեսականորեն՝ այո, եթե, իհարկե, ԱԱԾ-ն որակապես չի փոխվել ու հեղեղված է նրանց կադրերով, կամ ինչպես քիչ առաջ նշեց Վանեցյանը՝ դավաճաններով։ Այդ դեպքում՝ ինչո՞վ է զբաղված ԱԱԾ տնօրենը։ Առնվազն տարակուսելի է Վանեցյանի անվրդով կեցվածքը, երբ նա հանգիստ տոնով հայտարարում է, որ գաղտնալսողները կարող էին հասնել անգամ բանակի ղեկավարի, վարչապետի հեռախոսազանգերին։ Արդյո՞ք սա հետևանք չէ նրա, որ ԱԱԾ պետը՝ իր բուն գործառույթներով զբաղվելու փոխարեն, դարձել է հեռուստաաստղ, հիմա էլ հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին։
Խիստ տրամաբանական է մտածել, որ այս գաղտնալսման թիկունքում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները, մանավանդ, որ Մոսկվան է շարունակ պնդում, թե Հայաստանում հետապնդվում են նախկինները։ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակայնացումը մասամբ լուծում է այս խնդիրը, որովհետև փաստվում է, օրինակ, որ դատական համակարգն այնքան էլ անկախ չէ ու կալանքի որոշումները դարձյալ ուղղորդվում են գործադիր իշխանության, նրա ուժային կառույցների ղեկավարների կողմից։ Սրանից լավ «նվեր» Քոչարյանին՝ դժվար է պատկերացնել, քանի որ նրա փաստաբանները մինչև Ստրասբուրգ հասցնելու են այն փաստը, որ կալանավորման սանկցիա տված առաջին ատյանի դատարանի դատավորը իր որոշումը համաձայնեցրել է ԱԱԾ պետի հետ կամ նույնիսկ նրա կողմից ցուցում է ստացել։

Արդյո՞ք հայկական քրեաօլիգարխիան դեռ այնքան «կենսունակ» է, որ կարող է գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարներին, գուցե՝ վարչապետին։ Եթե այդպես է, ապա Հայաստանում հեղափոխությունը հաղթել է հարաբերականորեն կամ նույնիսկ չի հաղթել, որովհետև նման սաբոտաժի ռեսուրսներ ունեցող համակարգը կարող է «պայթեցնել» ցանկացած ընտրություն։ Ենթադրաբար՝ մեր քրեաօլիգարխիան գործել է արտաքին աջակցությամբ, իսկ ավելի ստույգ՝ Ռոբերտ Քոչարյանին ընկեր համարող հայտնի երկրի նախագահը որոշել է չբավարարվել միայն շնորհավորական հեռախոսազանգով ու Քոչարյանին «նվիրել» է սկանդալային գաղտնալսումը կամ դրա հրապարակայնացումը։ Սակայն ինչքան էլ արժանահավատ լինի գաղտնալսման արտաքին վարկածը, միևնույն է՝ այն հնարավոր է դարձել միայն ներքին դավաճանի կամ դավաճանների միջոցով, ու մեր առաջնահերթ խնդիրն է նրանց հայտնաբերելը, եթե, իհարկե, պետական համակարգը դեռ ամբողջովին չի կորցրել ադեկվատությունը։

Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի ասուլիսը, թերևս, գաղտնալսման հետ կապված պարզաբանումներով համոզիչ չէր, ավելին՝ տպավորություն ստացանք թույլ պետական համակարգի մասին, որը շվարած էր գաղտնալսման փաստից։ Առհասարակ՝ հասկանալի չէր Վանեցյանի ու Խաչատրյանի տոնայնությունը կամ այն հանգամանքը, որ նրանք իրենց հետ հատորներ էին բերել՝ նոր, ցնցող բացահայտումներով, որոնք վերաբերում էին Մարտի 1-ի գործին։ Ի՞նչ կապ ունեին դրանք այսօրվա ասուլիսի, գաղտնալսման փաստի, մեր պետական մարմինների դիլետանտիզմի հետ, որի պատճառով Հայաստանը կանգնած է անվտանգային լուրջ ռիսկերի առաջ։
Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր