Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 սեպ 2018 10:55

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմումՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն օրեր առաջ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մարտի 1-ին նշանառու կրակոցներ են եղել «Չերյոմուխայով»:
Բանն այն է, որ նախկինում չորս անձի՝ Ներքին գործերի նախարարության ծառայողների, մեղադրանք էր առաջադրվել այդ կանոններն անզգուշությամբ խախտելու համար: «Ունենք տվյալներ, որ դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննությամբ են հիմնավորվել, որ եղել են նշանառու կրակոցներ «Չերյոմուխայով» եւ որեւէ անզգուշության մասին խոսք չկա: Եթե հիմնավորենք կոնկրետ անձանց՝ կրակողներին, այդ անձանց, ամենայն հավանականությամբ, կմեղսագրվի դիտավորյալ սպանությունները, որովհետեւ նշանառու կրակոցներ են արվել, անձանց երկուսինը՝ գլխի հատվածում, մեկը՝ որովայնի հատվածում»,- ասել էր Սասուն Խաչատրյանը:
Մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիներից երեքի` Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի մահվան պատճառը եղել է «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը։
Ոստիկանների արձակած «Չերյոմուխա-7»-երից միայն նշված երեք քաղաքացիները չեն տուժել։ «Չերյոմուխա-7»-ից վիրավորվել է նաեւ քաղաքացի Հովհաննես Ասատրյանը։ Նա 2010 թվականին արտագաղթել է Հայաստանից՝ բնակություն հաստատելով Շվեյցարիայում: Հովհաննես Ասատրյանը էլեկտրոնային հասցեով նամակ է գրել գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն նրան այդպես էլ չեն պատասխանել: Ասատրյանը մեր զրույցում պատմեց, որ 20 մետր հեռավորությունից դիմահար կրակել են իր ուղղությամբ, ոչ մի անզգուշություն չի եղել:
- Պարոն Ասատրյան, կվերհիշե՞ք՝ դուք Մարտի 1-ին որտե՞ղ եք եղել եւ ինչպե՞ս եք հրազենային վիրավորում ստացել:
- Ժամը 21:30-ի սահմաններում էր, ձկան խանութի մոտ ժողովրդի հետ կանգնած՝ հետեւում էի իրադարձությունների զարգացմանը, երբ միանգամից ցավեր զգացի, մտա դալանի տակը, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, տեսա, որ հրազենային չորս վիրավորում եմ ստացել «Չերյոմուխա-7»-ից՝ երեք հատ որովայնիս, մի հատ՝ ողնաշարի կողքը: Ես առաջիններից եմ եղել, որ վիրավորվել եմ: Հրազենային վիրավորում ստանալուց 40 րոպե հետո ինձ հազիվ հասցրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ բան չեմ հիշում, որովհետեւ տեւական ժամանակ կոմայի մեջ եմ եղել: Կոմայից դուրս եմ եկել 14 օր հետո, մի քանի ամիս մնացել եմ Էրեբունիում: Մարդիկ լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցածից հետո հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, ոչ մեկ չէր էլ մտածում, որ մարդ կարող է իր ժողովրդի վրա կրակել:
- Դուք տեսե՞լ եք, թե ում ձեռքին է եղել «Չերյոմուխա-7»:
- Ոստիկաներն էին, որովհետեւ դիմակներով էին, ես իրենց շատ մոտ եմ եղել, խմբով էին:
- Մինչեւ դա նրանք որեւէ բան հայտարարե՞լ են, օրինակ, որ հեռանաք տարածքից:
- Ոչ մի բան բացարձակապես, 20 մետր հեռավորությունից կրակել են:
- Պարոն Ասատրյան, դուք Մարտի 1-ի գործով տուժող եք, վերջին անգամ ե՞րբ եք հարցաքննվել:
- Մի քանի տարի առաջ եմ հարցաքննվել, քննիչներն ինձ սպառնում էին, որ չասեմ, թե ովքեր են եղել կրակոցներ արձակողները: Ով ուզել ա գան ինձ տեսնելու, վախեցրել են, որ կձերբակալեն:
- Քննիչներին, եթե ցույց տան, կճանաչե՞ք:
- Այո այո, ես շատ լավ ճանաչում եմ: Եթե չեմ սխալվում՝ գլխավոր քննիչը Վահագն Հարությունյանն էր:
- Կոնկրետ ի՞նչ սպառնալիքներ են հնչել:
- Ասում էին՝ ջահել տղա ես, չես ուզում կյանքդ շարունակվի, շատ ահավոր ձեւի սպառնալիքներ, ես էլ իրան եմ ասել ինչ-որ պետք է... Քանի անգամ էլ եկել են իմ հետեւից, միշտ ճնշել են, ես էլ թողել փախել եմ Հայաստանից:
- ՀՔԾ պետն օրեր առաջ հայտարարեց, որ ըստ փորձաքննության արդյունքների, ոչ թե անզգուշությամբ խախտվել են զենքի կանոնները, այլ նշանառու կրակոցներ են եղել:
- Լավ, ասենք անզգույշ մի հատ կրակեին, բայց ես 4 հատ հրազենային վնասվածք եմ ստացել, ինձ գլխավոր բժիշկը պատմեց, որ երբ ինձ մտցրել են վիրահատության, երեք անգամ բժիշկներին փոխել են, երեք անգամ չեն կարողացել, թունավորվել են այդ հոտից: Հիվանդանոցում ես 6 անգամ կլինիկական մահ եմ ունեցել, շատ ծանր եմ տարել, հիմա ձախ ոտքս չի աշխատում, հաշմանդամ է: Նրանք նշանառու կրակոցներ են արձակել:
- Չե՞ք պատրաստվում գալ Հայաստան:
- Հեղափոխությունից հետո 13 օրով եկել գնացել եմ, ուրախությանս չափ չկար: Ինձ ՀՔԾ-ից հաղորդագրություն էին ուղարկել, որ իբր ուզում ես՝ արի, ուզում ես՝ մի արի, ես իրանց մեյլ եմ ուղարկել, տեւական ժամանակ պատասխան չկա:
- Հետեւում եք այս գործով իրադարձություններին:
- Այո, տեղյակ եմ, բոլորն է պետք է օրենքի առաջ պատասխան տան, օրենքի առաջ հիմա բոլորն էլ հավասար են: 10 տարի շարունակ գիտեինք՝ ովքեր էին ղեկավարները, շունը շան թաթ չի կծի, դրա համար էլ չէր բացահայտվում:
Նշենք, որ «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացիներից մեկն էլ Արթուր Մուրադյանն է. նա Հովհաննես Ասատրյանի հետ գրեթե միաժամանակ է վիրավորվել՝ կրկին Ձկան խանութի մոտ՝ ժամը 21:30-ին: Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ի օգտագործման կանոնները թեկուզ անզգույշ խախտելու համար որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել. իրավապահները, իբր, չեն կարողացել անհատականացնել 4 ոստիկանների գործողությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր