Ուր են գնում որպես գրավ վճարված գումարները

Սակայն, թե ուր են գնում որպես գրավ վճարված գումարները, ի՞նչ կարելի է անել դրանց հետ, և կա՞ արդյոք գրավի սահմանված չափ, թե՞ ոչ` շատերին հայտնի չէ:
Իրավաբան Գարիկ Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ կալանքի խափանման միջոց ընտրված գրավը փոխանցվում է դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի դրանով ապահովվի մեղադրյալի կամ ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, բայց տվյալ վարքագծի խախտման դեպքում՝ նիստերին չներկայանալու, առանց թույլտվության տեղափոխվելու և այլն, նա կարող է բռնի մեթոդներով բերման ենթարկվել, իսկ ողջ գրավն ավտոմատ կերպով մնում է պետությանը:
«Սակայն, եթե հանցանքի մեջ մեղադրվողը դատապարտվում է՝ նախկինում իր համար վճարված ողջ գրավը վերադարձվում է այն մարդուն, ով վճարել էր մեղադրյալի համար, քանի որ կարող են գրավը վճարել թե՛ մեղադրյալը, և թե՛ նրա հարազատները: Նաև չկա գրավի սահմանված չափ. նայած գործի բարդությունից, հոդվածի ծանրությունից՝ դատարանն ընտրում է գրավի չափը: Սովորական գործերի համար ընդունված է 500. 000-1000.000 ՀՀ դրամը»,-ասաց Գարիկ Սահակյանը և հավելեց, որ դատարանն առավել մեծ գրավ է պահանջում այն մեղադրյալից, որը, հնարավոր է՝ տեղափոխվի կամ այլ կերպ խախտի պատշաճ վարքագծի կանոններն ազատության մեջ:
Ըստ մեր զրուցակցի, ազատ արձակման դիմաց վճարվող գրավի հետ ոչինչ անել հնարավոր չէ. «Կա հատուկ հաշվեհամար, որի վրա փոխանցվում են գումարները»: