13:52 - Տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրվել.սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն         13:31 - MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում      13:10 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում    

20 սեպ 2018 14:08

Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը.Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի Օսիպյան

Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը.Հանդուրժողականություն չի լինելու իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վալերի ՕսիպյանՀայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ուղերձ է հղել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առթիվ: 
«Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթները ողջ ծավալով իրականացնելու, այնպես էլ ընտրացուցակների վերջնական ճշգրտման, հանրության շրջանում իրավական քարոզչության, ոստիկանության անձնակազմերի մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով: 
Ոստիկանությունը, ինչպես նախընտրական այս փուլում, այնպես էլ «Լռության օրը» և բուն ընտրությունների ընթացքում իր գործառույթներն իրականացնելու է պատշաճ, լիարժեք ու բացառապես օրենքի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք մեր հանրության, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու շարժումների, մեր բոլոր համաքաղաքացիների աջակցությունը, առանց որի անհնար է արձանագրել այն արդյունքները, որ ակնկալում ենք:
Քաղաքական ուժերին կոչ ենք անում բոլոր գործողություններն իրականացնել օրենքի շրջանակում, ձեռնպահ մնալ օրինականության և համակեցության կանոնների խախտումներից, դրսևորել հարգանք ու հանդուրժողականություն, առարկայական աջակցություն բերել ոստիկանության աշխատանքին:
Հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին՝ միևնույն ժամանակ անհանդուրժող լինել օրենքի ցանկացած խախտման, ցանկացած իրավազանցության հանդեպ: 
Նման դեպքերում անմիջապես դիմեք ոստիկանություն. մեր «Թեժ գիծը» գործում է, կարող եք ահազանգել ոստիկանության բաժիններ, իսկ ընտրությունների օրը՝ ընտրատարածքներում հերթապահող կամ շրջիկ խմբերին: 
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ: Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, համակեցության սկզբունքները խախտողի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ, որովհետև, կրկնում եմ, մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային, իսկ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան անսակարկելի է:
Վստահ եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համոզմունքն եմ արտահայտում. բոլորս ենք շահագրգիռ՝ ունենալու բացառիկ և օրինակելի ընտրություններ և անելու ենք առավելագույնը այդ նպատակի համար: Ուստի մաղթում եմ բոլորիս միակամություն, օրինապաշտություն, միասին գործելու հաստատակամություն ու գործը հաջողությամբ պսակելու կամք:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր