Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 հոկ 2018 16:00

Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցի լուծումը պատերազմն է

Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։
Բաքուն շարունակում է պատրաստվել պատերազմի ու պնդում է իր մաքսիմալիստական բանաձևը`«կամ ամբողջ Ղարաբաղը`կամ պատերազմ»:
Ադրբեջանը հստակ գծել է այն սահմանները, որի շրջանակներում նրանք պատրաստ են բանակցել`դրանք մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումն են`հայկական զորքերի դուրսբերման, ադրբեջանցիների վերադարձման կետերով, իսկ Արցախի ինքնորոշման հարցը, ինչի վրա պնդում են Երևանն ու Ստեփանակերտը, Բաքվի համար առավելագույնս ենթադրում է Ղարաբաղին 1988թ.-ի սահմաններում ինքնավարության կարգավիճակի տրամադրում:
Մադրիդյան սկզբունքները պետք է անընդունելի լինեն, անգամ չդիտարկվեն, որպես ղարաբաղյան հակամարտության «ճանապարհային քարտեզ»՝ ապրիլյան քառօրյան, հարյուր հերոսական զոհերը ապացուցեցին՝ հայկական կողմը չունի զիջելու համար նախատեսված հողեր:
Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողեր, ունեն ռազմավարական նշանակություն` դա հայկական կենսական տարածք է:
Առաջինը՝ սկսենք Աղդամից (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:
Այդ պլանը ձախողվեց՝ հայկական հրետանու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ մարտական գործողությունների ընթացքում Աղդամը պաշտպանվել է, իսկ խաղաղ բանակցությունների ժամանակ պետք է հետ վերադարձվի`տրամաբանությունը ո՞րն է: Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը:
Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, բացի այդ, Աղդամը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի մեծությամբ, հզորությամբ երկրորդ քաղաքն է և դրա վերադարձը Բաքուն նաև PR, քարոզչության տեսանկյունից լայնորեն կօգտագործի, որպես հոգեբանական գործոն, որպես մեծ ձեռքբերում։
Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի:
Իսկ Լաչինի միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել»՝ հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ՝ խաղաղապահների մասին միֆերը ոչինչ են՝ ոչ մի հակամարտությունում խաղաղապահները եղանակ չեն ստեղծել՝ նրանք մի օր հեռանալու են, իսկ Լաչինի միջանցքի գրավումն ադրբեջանցիների կողմից այդ պահին կդառնա ժամերի հարց:
Բացի այդ, մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու:
Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից: Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝ կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝ այդ շրջանն Ադրբեջանին հանձնելու դեպքում:
Այսպիսով, ԼՂՀ-ը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով՝ նախկին սահմանների վերադարձը թե ռազմական, տնտեսական, ժողովրդագրական իմաստներով ԼՂՀ-ը կդատապարտի հայաթափման և կվերածի «երկրորդ Նախիջևանի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր