Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

13 հոկ 2018 19:25

Գագիկ Ծառուկյանն անցավ սահմանը

Երեւանում Տարաս Շեւչենկոյի արձանի բացմանը լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ի պատասխան հարցի, թե արդյոք պետք է վերանայել Սպիտակ քաղաքի հրապարակը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիիչի անունով կոչված լինելու փաստը, ասել է, որ իհարկե պետք է վերանայվի:
Բանն այն է, որ Սպիտակի հրապարակը Յանուկովիչի անունով կչելու հարցում մեծ է եղել Գագիկ Ծառուկյանի դերը, որը Ուկրաինայի նախկին նախագահի հետ ունեցել է մոտ հարաբերություն:
Յանուկովիչի պատմությունը հանրությանը հիշեցնելու կարիք թերեւս չկա: Նա ի վերջո կարողացավ մի կերպ ապաստանել Ռուսաստանում, կամ ավելի շուտ Ռուսաստանը կարողացավ փախցնել նրան Ուկրաինայից:
Օրերս Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Ռուսաստանում իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության պատվիրակությանը, որը Հայաստան էր այցելել հենց նրա հրավերով: Եդինայա Ռոսիայի պատվիրակության ղեկավարը Երեւանում հայտարարել էր, թե խորհրդարանի առաջիկա ընտրությանը լինելու են Ծառուկյանի կողքին:
Դժվար է ասել, թե ե՞րբ է եղել հրավերը՝ մինչեւ հոկտեմբերի 2-ը, թե՞ դրանից հետո: Որովհետեւ եթե հրավերը եղել է մինչեւ հոկտեմբերի 2-ը, ապա այն քաղաքական է որոշակի իմաստով, իսկ եթե հոկտեմբերի 2-ից հետո, ապա Եդինայա Ռոսիայի պատվիրակություն հրավիրելը որեւէ կերպ չի կարող լինել քաղաքական: Իսկ եթե հրավերը եղել է ավելի վաղ, բայց Ծառուկյանը հոկտեմբերի 2-ից հետո պարզապես այն չի չեղարկել, ապա դա ընդամենը քաղաքավարական հրավեր է:
Իսկ քաղաքականը Ծառուկյանի հայտարարությունն է Սպիտակի հրապարակում, Յանուկովիչի անվան վերանայումը: Ընդ որում, ԲՀԿ առաջնորդի պարագայում՝ թերեւս բացառիկ քաղաքական:
Բանն այն չէ, որ Յանուկովիչը վաղուց պատմության աղբանոցում է, եւ ըստ էության որեւէ քաղաքական համարձակություն չի պահանջվում նրա անվան հետ կապված որեւէ վերանայման համար: Նա այդուհանդերձ շարունակում է մնալ որոշակի գիծ կամ նշաձող, որը նախանշում է ուկրաինական աշխարհքաղաքական խնդրում որոշակի դիրքորոշումների սահման, որը գծել է Ռուսաստանն ու համենայն դեպս առայժմ այն չի չեղարկել:
Գագիկ Ծառուկյանը այդ իմաստով գործնականում սահման է անցնում, եւ հատկանշական է, որ դա անում է Եդինայա Ռոսիայի պատվիրակությանն ընդունելուց հետո: Դա վկայում է, որ պատվիրակության այցը չի եղել «քաղաքական», այլ առավելագույնը ստացել է «քաղաքավարական» բնույթ, եւ Եդինայա Ռոսիայի ուղղությամբ քաղաքավարական ժեստից հետո Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի ընտրությանն ընդառաջ քաղաքական ժեստ է անում արդիական քաղաքականության ուղղությամբ:
Եդինայա Ռոսիան ի վերջո իր արդիականությունը կորցնում է անգամ Ռուսաստանում, ինչի վկայությունը երեք նահանգներում աղմուկ հանած ընտրություններն էին, որտեղ իշխող այդ կուսակցությունը պարտություն կրեց, իսկ ՌԴ նախագահը թերեւս փորձարկեց այդ ուժը զոհաբերելու միջոցով քաղաքականության մեջ իրեն «փրկելու» հնարավորությունը:
Պարզ է, որ Եդինայա Ռոսիան որեւէ դեպքում չի կարող հայաստանյան քաղաքականության մեջ «փրկություն» լինել Գագիկ Ծառուկյանի համար: Մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ «փրկություն», որպես այդպիսին, չունի: Նա պարզապես քաղաքականության մեջ անելիք այլեւս չունի: Առավելագույնը՝ պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ սեփականության պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմների հարցում եւ հանգիստ ապրել առանց քաղաքականության:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր