Հրամայելով սպանել Յուրի Տեփանոսյանին՝ Սերժ Սարգսյանը երկու խնդիր էր փորձում լուծել. Վարուժան Ավետիսյան

Հետաքրքրվեցինք, թե իրեն ինչ է հայտնի Տեփանոսյանի զոհվելու հանգամանքների մասին: Վարուժան Ավետիսյանը նշեց. «Խոսակցություններ՝ ասեկոսներ կան, որ Յուրի Տեփանոսյանին սպանել են, որովհետեւ հրաժարվել է կատարել ժողովրդի հանդեպ բռնություն գործադրելու հրամանը եւ ծառայակիցների շրջանում տարածել է տեսակետ, որ պետք չէ մարդկանց հանդեպ բռնություն կիրառել: Տեփանոսյանի հայրը եւս այդ մասին հայտարարեց, բայց ես մինչեւ նրա հայտարարությունն էի լսել այդ մասին: Ակնհայտ է, որ միայն իրենք դա կարող էին անել: Դա արվեց ոչ պատահական ժամանակ: Փորձում էին գրոհել մեր վրա, իսկ գրոհը պետք է «մոտիվացիա» ունենար: Բոլորս գիտենք, որ ոստիկանները մոտիվացված չեն ռեժիմի համար իրենց կյանքը վտանգի ենթարկելու: Հասկանալի է, որ նրանց մեծամասնությունն այլ աշխատանք չգտնելու կամ այլ պատճառներով են ընդունվել ոստիկանություն, այդ պատճառով մոտիվացված չէին, եւ միայն իրենց ընկերոջ սպանությունը կարող էր նրանց մոտ ինչ-որ չափով մոտիվացիա առաջացնել»:
Վարուժան Ավետիսյանի խոսքով. «Հրամայելով սպանել Յուրի Տեփանոսյանին՝ Սերժ Սարգսյանը երկու խնդիր էր փորձում լուծել: Առաջինը՝ փորձել ստեղծել այնպիսի տպավորություն եւ ընկալում, որ «Սասնա ծռերը» հրեշներ են ու անմեղ տղայի են սպանել հենց այնպես, ուստի իրենց հանդեպ գործողությունները՝ գրոհը, արդարացված են… Երկրորդ՝ գրոհող ոստիկաններն էլ պետք է ասեին ծառայակիցներին, թե տեսեք՝ ի՜նչ հրեշներ են ձեր դիմաց, որոնք սպանեցին ձեր ընկերոջը: Այլ կերպ ասած՝ Տեփանոսյանին «մատաղ» արեցին նրա համար, որ պահպանեն իրենց իշխանությունը»: Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ ասել է «հրաժարվել բռնություն գործադրել ժողովրդի հանդեպ», Վարուժան Ավետիսյանն ասաց, որ նկատի ունի ցուցարարների հանդեպ բռնությունը. «Ասում են՝ Տեփանոսյանը ոչ միայն հրաժարվել է դա անել, այլեւ ծառայակիցների շրջանում փորձել է ստեղծել տրամադրություններ, թե մեր ժողովուրդն է, պետք չէ… Լսել եմ, որ նա հեղինակություն ուներ ծառայակիցների շրջանում եւ կարող էր տրամադրություններ փոխել, ու, հավանաբար, փոխել է, ինչի պատճառով նրան թիրախավորեցին»: