Ովքե՞ր են ՀՀԿ քաղաքական թիմից անջատված պատգամավորները, որոնք առաջադրել են Փաշինյանին վարչապետի թեկնածու

Ինչպես հայտնի է, գործող օրենքով ՀՀ վարչապետ երկրորդ անգամ առաջադրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 1/3-ի ձայները: «Ելք»-ը միայնակ չէր կարող առաջադրել Փաշինյանի թեկնածությունը:
Հայտնի է, որ «Ելք»-ի հետ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև պատգամավորներ ՀՀԿ քաղաքական թիմից:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի փոխանցմամբ վարչապետ առաջադրելու ձևաթղթի տակ ստորագրած ՀՀԿ նախկին ներկայացուցիչներն են՝ Տաճատ Վարդապետյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայելովը:
Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվող «Իմ քայլը» դաշինքում կլինեն դեմքեր ՀՀԿ-ից՝ հաստատելով նաև տեղեկությունը, որ նրանցից մեկը լինելու է Շիրակ Թորոսյանը: Արդյոք Կնյազ Հասանովը, Արսեն Միխայելովը, Տաճատ Վարդապետյանը ևս կընդգրկվեն «Իմ քայլը» ցուցակում: Այս մասին պաշտոնական հաստատում դեռ չկա:
Հիշեցնենք, այսօր ժամը 18:00-ին լրանում է ԱԺ կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը:
Ինչպես հայտնի է գործող օրենքով, եթե վարչապետի հրաժարականից հետո առաջին նիստում ԱԺ-ն վարչապետ չի ընտրում, ապա պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրվում է թեկնածու և տեղի է ունենում վարչապետի ընտրության երկրորդ փուլը:
ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը նոյեմբերի 1-ին է: Վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը կլուծարվի, և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: