Գլխավոր դատախազությունը Հովիկ Աբրահամյանի ապօրինի ջրագծերի մասին

2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետ է հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԵԲՊ) ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից ապօրինի միացման միջոցով դեպի «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շուրջ 26 հա հողատարածքներ ջրամատակարարում է իրականացվել: Այդ մասին տեղյալ են եղել «Արտաշատ» ՋՕ ընկերության աշխատակիցները, որոնք ունեցել են ոռոգման ջրի նպատակային ու արդյունավետ օգտագործման և իրականացրած ծառայությունների դիմաց գումարներ գանձելու պարտավորություն, ինչը չեն կատարել՝ դրանով իսկ դրդել են «Ջրառ» ՓԲԸ պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցներին իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և ծառայողական պարտականությունները չկատարելուն, այն է՝ տեղյակ լինելով ընկերության հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից խողովակների միացման ապօրինի և հիդրոտեխնիկական նորմերի տեսանկյունից անթույլատրելի լինելու մասին` ժամանակին և պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է մոտ 10.772.794 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայությունից ստացված ահազանգի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Արարատի մարզային քննչական վարչությանը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին