Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

02 դեկ 2018 20:49

Մեր սկսնակ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ չափավորել իրենց բառակազմը, այդ ձևով քաղաքականություն չեն մտնում

Այն քաղաքացիները, որոնք պատասխանատվություն ունեն և պատկերացնում են` մենք ինչ ջրբաժանների առջև ենք կանգնած, պետք է գնան ընտրության, անպայման պետք է մտահոգված լինեն: Ես կոչ եմ անում՝ քայլ արեք, ընտրեք «Հանրապետականին»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 8-րդ համար, ռեյտինգային ընտրակարգով 4-րդ ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) առաջադրված Կարինե Աճեմյանը: Անդրադառնալով Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու շանսեր չունի՝ Կ. Աճեմյանը նշեց, որ փոխվարչապետի պաշտոնակատարը լավ չի տիրապետում իրավիճակին: «Մեր սկսնակ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ չափավորել իրենց բառակազմը: Այդ երիտասարդ տարիքում նման չարություն տարածելը, ագրեսիայի այդքան մեծ պաշար ունենալը պարզապես անթույլատրելի է»,- ասաց Կ. Աճեմյանը՝ խոսելով Ռ. Ռուբինյանի՝ մեռելներին թաղելու հայտարարության մասին:
 
-Տիկի´ն Աճեմյան, քարոզարշավի առաջին կեսն ինչպե՞ս եք գնահատում, կուսակցությանն ի՞նչ տվեց քարոզարշավի առաջին 5 օրը:
-Նախ, լրատվամիջոցներով շատ տարբեր ձևաչափերով մեր թեկնածուները հանդիպումներ, բանավեճեր են ունենում: Ես՝ ինքս, մեծ թվով հանդիպումներ եմ ունենում տարբեր ձևաչափերով տարբեր ոլորտի մասնագետների, քաղաքացիների հետ: Չնայած այս ագրեսիվ, չարության մթնոլորտին, ՀՀԿ-ի հանդեպ ատելության քարոզին՝ մեր համակիրներն ավելանում են: Նրանք կան, նրանք և´ ուսանողների մեջ են, և´ տարեց մարդկանց, շատերն անպայման ուզում են, որ մեր ուժը ներկայացված լինի խորհրդարանում:
 
-«Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածուները հիմնականում ֆեյսբուքյան ուղիղ եթերների, հեռուստաալիքներով բանավեճերին մասնակցելով են այս քարոզարշավն անցկացնում: Ինչո՞ւ դրսում հանդիպումներ, հավաքներ չեք կազմակերպում քաղաքացիների հետ:
-Օրինակ՝ ես մեր ցուցակի 8-րդ համարն եմ, և ես ունենում եմ տարբեր ձևաչափով տարբեր մարդկանց հետ հանդիպումներ: Հենց երեկ մեծ թվով բժիշկների հետ եմ հանդիպել, կարծում եմ՝ շատ լավ հանդիպում էր, իրենց հետաքրքրող հարցերին եմ պատասխանել՝ կապված և´ «Հանրապետականի», և´ այն բոլոր հուզող խնդիրների հետ, որոնք այսօր կան: Երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել մարդկանց հետ հանդիպելու, հակառակը՝ միշտ սիրով եմ դա արել և կարծում եմ՝ փոխադարձ է: Քանի որ ինքս Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում եմ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, հիմա շատ տեղին է այս հատվածի բնակչության հետ հանդիպումները, և ես դա իրականացնում եմ: Ժամանակս շատ քիչ է, բայց օրվա մեջ շատ-շատ հանդիպումներ եմ ունենում:
 
-Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նախօրեին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ԱԺ անցնելու հնարավորություն չունի: Փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն էլ նշել էր, որ իրենց համար շատ կարևոր է, որ «մեռելը թաղվի»՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարություններին:
-Տիգրան Ավինյանը նախ լավ չի տիրապետում իրավիճակին, հետո մեր սկսնակ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ չափավորել իրենց բառակազմը: Այդ ձևով, մեթոդներով քաղաքականություն չեն մտնում: Ատելության քարոզը, այն էլ այսքան փոքրիկ երկրում, մեզ ոչ մի լավ բանի չի բերելու: Այդ երիտասարդ տարիքում նման չարություն տարածելը, ագրեսիայի այդքան մեծ պաշար ունենալը, պարզապես անթույլատրելի է: Երիտասարդներին պարզապես հարիր չէ նման տոնով խոսելը, մանավանդ մի ուժի մասին, որը շատ երկար տարիների փորձ ունի և ճանապարհ է անցել: Մեր ուժը դեռ խորհրդային տարիներին է պայքարել, նույնիսկ իրենք այդ տարիքը չունեն, ինչքան մեր կուսակցությունն է: Եթե մենք ուզում ենք մեր ապագան կառուցել գրագետ երիտասարդություն ունենալու տեսլականով, ապա այդպիսի անընդունելի հայտարարություններով պետք է հանդես չգանք: Ես դա կապում եմ նաև անփորձության հետ: Բացի այդ, եթե մենք մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում, այդքան սևեռվել մի ուժի վրա, որը չկա, իբրև թե գոյություն չունի, կարծում եմ՝ էներգիայի և ժամանակի անիմաստ կորուստ է: Իսկ քանի որ բոլորի կողմից միակ թիրախավորված ուժը մենք ենք, դա նշանակում է, որ կա անհանգստություն, որը կապված է «Հանրապետականի» գործունեության հետ:
 
-Քարոզարշավի երկրորդ կեսը ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել, մեծ հանրահավաքներ նախատեսվո՞ւմ են:
-Ես տրամադրված եմ շատ դրական: Ուզում եմ, որ յուրաքանչյուրը, ով այսօր ունի պատասխանատվություն և պատկերացնում է՝ մենք ինչ ջրբաժանների առջև ենք կանգնած, պետք է գնա ընտրության, անպայման պետք է մտահոգված լինի, և ես կոչ եմ անում՝ քայլ արեք, ընտրեք «Հանրապետականին»: Մենք բոլորս մտահոգ ենք մեր երկրի ապագայով, իսկ երկրի ապագան և մեր երեխաների ապագան ամենակարևորն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր