Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Զախարովա
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։
«Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասաց նա։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապատեղեկատվություն չէ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, որ հայկական կողմն է դիմել ՌԴ-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու համար։
«Ուշակովի մեկնաբանությունը կարիք չունի վերահաստատման։ Իսկ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը անհանգստություն է առաջացնում ինչպես իր բովանդակությամբ, այնպես էլ ձևով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու, քանի որ Հայաստանն է դրա համար դիմել։
Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել էր՝ ասելով. «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»։
Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում: