ՊՊԾ գնդում ոստիկաններն են խփել որդուս, ես դա կապացուցեմ, հրամանատարն ասել է՝ այս մարդուն խփեք. Յուրի Տեփանոսյանի հայր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին տուժողի իրավահաջորդ ներգրավվեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը, դատարանը նրա միջնորդությունը բավարարեց, իսկ Տեփանոսյանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին, հեռացրեց գործի վարույթից:
Նշենք, որ ի տարբերություն Տեփանոսյանի կնոջ, նրա հայրը պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները:
Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Վահրամ Տեփանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Թատրոն է, կապիկություն է, այստեղ դատավարություն չկա: Տղային 2,5 տարի է՝ սպանել են, փոխանակ տղայիս մասին խոսեն, գործը բացեն, եկել են՝ իրավահաջորդ, կինը, հայրը: Էս ինչ բան է, կա´մ մահ, կա´մ ազատություն, երկուսից մեկը»:
Հարցին, թե ինչու է կարծում, որ ոստիկաններն են սպանել իր տղային, Վահրամ Տեփանոսյանն ասաց՝ կապացուցեմ, կտեսնենք. «Հիմա չեմ ուզում ասել, մի հատ ծառ կար հունվարին, երբ փորձաքննություն արեցին, հիմա այդ ծառը կտրել են, որովհետև երբ այդ ծառը կար, դիպուկահարը չէր կարող խփել որդուս: Մի հատ ոստիկան պիտի մեռներ, իմ տղային են խփել, էդ էլ հետո կասեմ, թե ինչու են խփել, հիմա, որ ասեմ ապացույցները կվերացնեն, 30 հատ ապացույց ունեմ»:
Ինչ վերաբերում է հարսին, ապա Վահրամ Տեփանոսյանն ասաց, որ ինքը կապացուցի, որ ոստիկաններն են խփել որդուն, իսկ ինքն էլ պետք է ապացուցի, որ «Սասնա Ծռերն» խումբն է խփել, իսկ եթե դուրս գան փողոց ու հարցնեն, ապա բոլորը կասեն, որ ոստիկաններն են խփել: