Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

24 փետ 2021 14:55

«Սասնա Ծռեր»-ի գործով Արմեն Բիլյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, որի համար դատախազը պահանջել էր 21 տարվա ազատազրկում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հիմնավորված է համարել «Սասնա Ծռեր» 1 գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները՝ դատապարտելով երկարատեւ ազատազրկման։


Ըստ դատավճռի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ Սմբատ Բարսեղյանը դատապարտվել է ազատազրկման՝ 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը 4 տարի 11 ամիս ժամկետով։ Միաժամանակ Արմեն Բիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Վերջինս ազատ արձակվեց հենց դատական նիստերի դահլիճից։


Հիշեցնենք, որ դատախազը միջնորդել էր ավելի խիստ պատիժ սահմանել մեղադրյալների համար, մասնավորապես՝ Պավել Մանուկյանի համար պահանջել էր 9 տարվա, Արմեն Բիլյանի համար 21 տարվա ազատազրկում, իսկ Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում:


Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:


Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։


«Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։


Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։


Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր